|
Բելգիա
Բրյուսելի գրքի տոնավաճառում կբացվի նաեւ հայկական տաղավար
Փետրուար 1էն Մարտ 5, Պրիւքսէլի Թուռ է Թաքսի կեդրոնին մէջ տեղի կ?ունենայ Գիրքի տօնավաճառը: Հոն տեղ պիտի գտնէ նաեւ հայկական տաղաւար մը, որ պիտի ընդունի ծանօթ երեք հայ հեղինակներ՝ Անթոնիա Արսլանը, Գլօտ-Արմէն Մութաֆեանը եւ Ռեմոն-Յարութիւն Գէորգեանը, որոնք պիտի մակագրեն իրենց գործերը:
Արսլան կ?այցելէ Հինգշաբթի, Մարտ 1ին, Մութաֆեան՝ Շաբաթ, Մարտ 3ին եւ Գէորգեան՝ Կիրակի, Մարտ 4ին:
ՆՅ
Նոյյան տապան
Լիբանան
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջկրոնական հարցեր
ԱՆԹԻԼԻԱՍ – Ուրբաթ 27 Յունուար 2012-ի առաւօտուն, Իրանի Իսլամական Հանրապետութեան միջ-կրօնական բաժանմունքի ընդհանուր տնօրէն, Դոկտ. Մոհամմատ Մոզաֆարի հանդիպում մը ունեցաւ Վեհափառ Հայրապետին հետ: Հանդիպման ներկայ եղաւ նաեւ Թեհրանի Հայոց Առաջնորդ Սեպուհ Արք. Սարգիսեան:
Հանդիպման ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս միջ-կրօնական ու յատկապէս քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան հետ աղերս ունեցող հարցեր: Դոկտ. Մոզաֆարին ներկայացնելէ յետոյ իր բաժանմունքին գործունէութիւնն ու առաջնահերթութիւնները, շեշտեց Միջին Արեւելքի ծիրէն ներս քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան նոր աշխուժութիւն ու արեւելում տալու հրամայականը: Ան մեծապէս գնահատեց այս ուղղութեամբ Վեհափառ Հայրապետին ու Մեծի Տանն Կիլիկիոյ Սուրբ Աթոռին տարած աշխատանքները:
Արամ Ա. Կաթողիկոս իր կարգին ընդգծելով կարեւորութիւնը քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան, յիշեցուց, որ անհրաժեշտ է տեսական ոլորտէն անդին երթալ եւ շօշափել այնպիսի խնդիրներ, որոնք անմիջականօրէն կապ ունին ժողովուրդի առօրեայ կեանքին հետ եւ կÿամրապնդեն քրիստոնեայ-իսլամ գոյակցութիւնը:
Հանդիպման ընթացքին նաեւ յատուկ քննութեան նիւթ դարձաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ շուրջ տասը տարիներ առաջ սկսած երկխօսութեան ներկայ հանգրուանը ու յառաջիկայի ծրագիրները: Որոշուեցաւ որ երկխօսութեան յաջորդ հանդիպումը տեղի ունենայ յառաջիկկայ Մայիսին, Թեհրանի մէջ:
Նոյյան տապան
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի ընդհանուր քարտուղարն այցելեց Արամ Ա. Կաթողիկոսին
ԱՆԹԻԼԻԱՍ – Շաբաթ 28 Յունուար 2012-ի առաւօտուն, Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց այցելութիւնը Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ընդհանուր քարտուղար Դոկտ. Օլավ Թուէյթին: Վեհափառ Հայրապետին ու Ընդհ. Քարտուղարին խորհրդակցութեան հիմնական նիւթը Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդն էր ու յատկապէս` Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ներկայութիւնը եկեղեցիներու կեանքէն ներս աւելի աշխուժացնելու եւ ներկայ աշխարհին մարտահրաւէրներուն դիմաց նոր ծրագիրներ մշակելու հրամայականը:
Վեհափառ Հայրապետը լսելէ յետոյ Ընդհ. Քարտուղարին տուած տեղեկութիւնները` Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին մասին, իր կարգին անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց ու առաջարկներ ներկայացուց շարք մը հարցերու գծով:
Յայտնենք, որ Արամ Ա. Կաթողիկոս 1991-էն մինչեւ 2006 երկու շրջանի համար Ատենապետն էր Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Կեդրոնական ու Գործադիր Վարչութեանց:
Խորհրդակցութենէն յետոյ Ընդհ. Քարտուղարը ճաշի հիւրը եղաւ Վեհափառ Հայրապետին:
Նոյյան տապան
Քննարկվեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ ՀԲԸՄ-ի գործակցության հեռանկարները
ԱՆԹԻԼԻԱՍ- Երէկ երեկոյեան Վեհարանի գրասենեակին մէջ Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Բարեգործական Ընդհ. Միութեան Նախագահ Մեթր Պերճ Սեդրակեանին: Անոր կ’ընկերանար նոյն միութեան նախկին փոխ-ատենապետ Տիար Սարգիս Տէմիրճեան:
Հանդիպման ընթացքին արծարծուեցան Հայաստանի ու Սփիւռքի յարաբերութեանց, ինչպէս նաեւ Սփիւռքի դիմագրաւած մարտահրաւէրներուն առնչուած հարցեր: Հանդիպումը նաեւ առիթ եղաւ քննարկելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Հայ Բարեգործական Ընդհ. Միութեան գործակցութիունը աւելի ամրապնդելու կարելութիւնները:
Նոյյան տապան
Հայաստան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի Սուրբ Պատարագ
Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:
Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կկատարի օծումը Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական ս. խաչի կրկնօրինակի, որի կենտրոնում եւս զետեղվել է Տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխար, որից հետո այն կհանձնի ՀՀ Պաշտպանության նախարարությանը եւ ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը:
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
Նոյյան տապան
Հայոց բանակի զինվորի ռեկորդը Գինեսի գրքում
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը այսօր սահմանել է արտակորման նոր ռեկորդ՝ հաղթահարելով անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին կատարած նույն վարժության սեփական ռեկորդը: Նա 4 ժամ 35 րոպեում կատարել է 7550 արտակորում (անցյալ տարի կատարել էր 6500 արտակորում):
Ինչպես տեղեկացրեցին «Նոյյան տապանին» ՀՀ պաշտպանության նախարարությունից, ռեկորդը գրանցել է Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ սերժանտ Միքայելյանի սահմանած ռեկորդը կգրանցվի նախ Հայաստանի ռեկորդների գրքում՝ «Դյուցազնագրքում», ապա սահմանված ռեկորդի տեսանյութը կուղարկվի Լոնդոն` Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին՝ հայ մարզիկ-զինվորի ռեկորդը գրանցելու համար: Թովմասյանը նաեւ նշել է, որ նման ռեկորդ աշխարհում դեռ ոչ ոք չի սահմանել:
Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ով արդեն 8 ամսի է, ինչ ծառայում է ՀՀ զինված ուժերում, մտադիր է մինչ ծառայության ավարտը արտակորում վարժության ռեկորդը հասցնել 10.000-ի:
Նոյյան տապան
Հարգանքի տուրք` իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից:
Նոյյան տապան
Հայաստանի եւ Արցախի նախագահներն այցելել են Եռաբլուր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Փառք եւ գոհություն Աստծուն, որ մեր բանակը իր հոբելյանը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով»
Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է.
« Հայոց փառապանծ բանակի 20-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու խնդությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորանքները` քաջարի մեր զինվորներին ու զորավարներին եւ համայն մեր ժողովրդին:
Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ եւ աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր օրի եւ ժամ առ ժամ: Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը եւ պատվարն ու ապավենն է հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի:
Փառք եւ գոհություն Աստծուն, որ մեր բանակը իր հոբելյանը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաեւ` ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժողովրդի հոգում: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայոց բանակի կազմավորման եւ զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր զորաց եւ զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց բանակի:
Աղոթում ենք, որ Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի եւ արգասավորի մեր ջանքերը ի սեր մեր երկրի, մեր լուսավոր գալիքի հույսերի: Թող Տերը երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգեւի մարտերում մարտիրոսացած մեր զավակներին եւ Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի մեր բանակի զորավարներին ու մարտիկներին` արի ոգով եւ հաղթական բազուկով: Թող մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը»:
Նոյյան տապան
Ձմեռային դպրոց Ծաղկաձորում` Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ
Հունվարի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում բացվել է ձմեռային դպրոց, որին մասնակցում են շուրջ 100 ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ Հայաստանից եւ Վրաստանից: Վրաստանի երիտասարդները ներկայացնում են Թբիլիսի եւ Ախալցխա քաղաքները։ Ձմեռային դպրոցի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը։
Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ծրագրի վեց օրերի ընթացքում մասնակիցները հանդես կգան դասախոսություններով, կունենան քննարկումներ մի շարք թեմաներով, կանցկացնեն ինտելեկտուալ խաղեր, մարզական միջոցառումներ։ Երիտասարդները կայցելեն նաեւ Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Կքննարկվեն նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր, կընդունվի հռչակագիր։
Երկու երկրների երիտասարդների մասնակցությամբ ձմեռային դպրոցը կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի ուսանողների միջեւ կապերի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ՝ նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերմանը։
Նոյյան տապան
Հավերժ փա՛ռք հայոց բանակի նվիրյալներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 28-ին ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն եւ սկիզբ դնել Արցախի ազատագրության եւ Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել: Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող:
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաեւ սեփական արժանապատվությունը հաստատելու եւ հաջորդ սերունդներին ավելի պաշտպանված հայրենիք թողնելու քննություն էր: Այդ քննությունը մեր ժողովուրդը պատվով հանձնեց, իսկ դա` առաջինը ձեր որդիների, հայրերի ու եղբայրների շնորհիվ:
Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած, ծառայության ժամանակ իրենց պարտքը կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների, անհայտ կորածների սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու ու արարելու երջանկությունը, եւ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով: Մենք, ցավոք, չկարողացանք փրկել ձեր հարազատների կյանքը, բայց այսօր, հանուն նրանց ու նրանց կատարած գործի, պարտավոր ենք շուքով նշել նրանց ծնած, սիրած, փայփայած ու պաշտպանած Հայոց բանակի 20-ամյակը` արժեւորելով անցյալն ու անսխալ կողմնորոշվելով հետագա գործողություններում: Հավերժ փա՛ռք հայոց բանակի նվիրյալներին:
Շնորհավորում եմ ձեզ համաժողովրդական այս տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, տոկունություն եւ միաժամանակ գլուխ խոնարհում հայի ձեր կերպարի, ձեր հայրենապաշտ, ազգային մտածողության առջեւ: Մենք` ձեր հարազատների կիսատ թողած գործը շարունակողներս, խոստանում ենք ձեր հերոս որդիների, հայրերի ու եղբայրների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները զարգացնել` հաջորդ սերունդներին թողնելով նրանց երազած պետությունը: »
Նոյյան տապան
Սերժ Սարգսյան. ՀՀ զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության պահպանման ամենակարեւոր երաշխավորներից են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:
Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը եւ հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարեւորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:
Հայ ժողովրդի եւ մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։
Մեր դատն արդար էր, եւ մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաեւ քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում:
Անհանդուժողականության, չարության եւ կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին:
Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:
Հարգելի՛ գեներալներ, սպաներ եւ զինվորներ,
Մեր բանակի տարեդարձը ձեր մասնագիտական տոնն է: Այդ մասնագիտությունն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր ժամանակակիցների ու ժառանգների հանդեպ: Բայց միաժամանակ դուք ընտրել եք Վարդան Մամիկոնյանի եւ Հովհաննես Բաղրամյանի ուղին, ուստի եւ ձեր արած գործը գնահատվելու է նրանց սահմանած չափանիշներով: Չեմ կասկածում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվորական, անկախ իր ծառայության վայրից եւ դիրքից, պիտի գիտակցի այդ պատմական պատասխանատվությունը:
Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը եւ նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց եւ այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ։ Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ եւ պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել։ Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել եւ բանակի արժանի ընկալում ձեւավորել։ Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով։ Եվ շարունակում ենք անել աշխատանքով, բանակի նկատմամբ ունեցած հավատով եւ առանձնահատուկ ջերմությամբ։
Անհնարին է երկու բառով թվարկել այն, ինչ արվել է քսան տարվա ընթացքում։ Հայոց պետականության վերականգնման 20-ամյակին նվիրված զորահանդեսը եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը մեր բանակի ամենաճշգրիտ զեկույցն ու ստուգատեսն են Հայաստանի ժողովրդի եւ ողջ հայության առջեւ։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի եւ խաղաղության ու կայունության պահպանման ամենակարեւոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսեւորում է լավագույն կողմերով եւ բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության եւ վերելքի:
Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: »
Նոյյան տապան
Բակո Սահակյան. «Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ»
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:
Այս տարի մենք ազգովի տոնում ենք հայոց փառապանծ բանակի կազմավորման 20-ամյակը, իսկապես ժողովրդական բանակ, որն անցնելով բարդ ու հերոսական ուղի` դարձավ մեր խաղաղության ու անվտանգության հիմնական երաշխավորը:
Դուք կանգնած եք եղել ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում եւ այսօր էլ` որպես Գերագույն հրամանատար, անում եք հնարավորը, որպեսզի այն լինի հզոր ու մարտունակ, պատրաստ ամեն պահի հաջողությամբ կատարելու իր առջեւ դրված խնդիրները:
Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ, ովքեր անմնացորդ ծառայում են հայրենիքին ու հարազատ ժողովրդին:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ հայոց բանակի ողջ անձնակազմին նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս ազատ ու անկախ Հայաստանի եւ Արցախի, մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի»:
Նոյյան տապան
Էրիկ Ռուբին. ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացմամբ
Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության սերտացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում արձանագրված առաջընթացը լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:
Էրիկ Ռուբինն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էրիկ Ռուբինը հանգամանալից քննարկում ծավալեցին երկկողմ համագործակցության առնչվող հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:
Նոյյան տապան
Ծնողազուրկ երեխաները սովի են մատնված
Այսօր «Շիրակ կենտրոնն» այցելել է Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի, գեղատեսիլ եւ ծառապատ տարածքում ապրող ծնողազուրկ երեխաներ խնամող երկու ընտանիքների: Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնն» ՀԿ-ի րտրամադրած նյութն ամբողջությամբ.
«Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի, գեղատեսիլ եւ ծառապատ տարածքը նախկինում հայտնի հանգստյան գոտի էր: Երկրաշարժից հետո այն վերածվեց տնակային ավանի: Ներկայումս քաղաքից կտրված այդ տարածքում, ուր ձմռան ամիսներին նույնիսկ մեքենաներ չեն երթեւեկում, բնակվում են սոցիալական ծայրահեղ պայմաններում եւ հիմնականում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւան ընտանիքներ: Վարդ-Բաղ կոչվող տարածքի մեծ մասը ներկայումս բաժանված է գյումրեցի մի քանի մեծահարուստների միջեւ:
Այսօր «Շիրակ կենտրոնն» այցելեց այդ տարածքում ապրող ծնողազուրկ երեխաներ խնամող երկու ընտանիքների:
25-ամյա Աննա Սիմոնյանն իր 7 եւ 3 տարեկան մանկահասակ երեխաների հետ երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: Նրա պատմելով իր ազգականները մի քանի ամիս առաջ, կեղծ գործարք կատարելով, տիրացել են հայրական տանը եւ իրենց ստիպողաբար դուրս են արել տանից: Այս ընտանիքը որեւէ տեղ փաստացի հաշվառում չունենալու պատճառով զրկված է սոցիալական նպաստից եւ եկամտի այլ աղբյուր չունենալով մատնված է սովի եւ աղքատության:
Աննայի 7-ամյա դուստրը` Լաուրան թեեւ բավականին կենսուրախ եւ խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով հաճախում է Գյումրու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված օժանդակ գիշերօթիկ դպրոց:
33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանն ունի երեք մանկահասակ երեխաներ, որոնցից մեծը` 12-ամյա Նաիրան, ով փոքր հասակում սրտի վիրահատություն է տարել, սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն մեր այցելության ժամանակ տանն էր, մի շաբաթ է, ինչ դպրոց չէր հաճախում: 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է:
Այս ընտանիքը կրկին որեւէ հասցեում գրանցում չունենալու պատճառով երկար ժամանակ է զրկված է սոցիալական նպաստից:
Այս սոցիալապես ծանր պայմաններում գտնվող եւ ծնողազուրկ երեխաներ խնամող մայրերին այսօր փոխանցեցինք Մոսկվայում բնակվող մեր հայրենակցի կողմից վառելափայտի եւ սնունդի համար ուղարկված գումարը, ինչպես նաեւ մանկական հագուստ եւ գրենական պիտույքներ»:
Նոյյան տապան
Ֆրանսիա
Պատժելիության օրենքի հակառակորդները վերջին ճիգերն են գործադրում
Ֆրանսայի Ծերակոյտին կողմէ ցեղասպանութիւններու ժխտումի պատժելիութեան օրէնքին Յունուար 23ին վաւերացումէն ետք՝ անոր թունդ ընդդիմադիրները հոգուով սրտով լծուած են ձախողեցնելու վերջին փորձերու: Արդարեւ, օրէնքը վաւերացուած ըլլալով հանդերձ, պէտք է տասնհինգ օրուան պայմանաժամու մը մէջ ստորագրուի Հանրապետութեան նախագահին կողմէ՝ վերջնականապէս դառնալու համար ֆրանսական օրէնք եւ մաս կազմելու՝ երկրին օրէնսդրութեան:
Նախագահական ստորագրութեան սպասման այս օրերուն, զուգահեռաբար՝ ծերակուտական վեց խմբակցութիւններու անդամներ արդէն ստորագրած են Սահմանադրական Խորհուրդի դիմումնագիրը, որ շրջանառութեան մէջ դրուած է արմատական ձախերու ծերակուտական խմբակի (RDSE) նախագահ Ժագ Մէզարի կողմէ: Ան չէ յայտնած սակայն, թէ քանի ծերակուտականի ստորագրութիւնը ապահոված է, նկատի ունենալով որ առնուազն 60 պէտք է ըլլայ անոնց թիւը: “Միայն այն ըսեմ, որ բոլոր խմբակներէն ստորագրողներ կան, ինչ որ ցոյց կու տայ թէ անհանգստութիւն մը կայ” ըսած է ան:
Նախագահական՝ UMP ծերակուտականներ Ալէն Ֆուշէ եւ Ժան-Ժագ Հիէսթ յայտարարած են թէ ստորագրած են դիմումնագիրը: “Երկուշաբթի օրուան իմ քուէիս տրամաբանութեամբ կը շարունակեմ: Խորհրդարանին չի վիճակիր Պատմութեան մասին որոշումներ ընդունիլը, իսկ նուազ՝ Ֆրանսայի Խորհրդարանին՝ այլ երկիրներու Պատմութեան մասին որոշումներ կայացնելը” ըսած է Վիէնի ծերակուտականը, որ նախկին վարչապետ Ժան-Փիէր Ռաֆարէնի մտերիմներէն է:
“Ստորագրեցի բողոքագիրը” յայտնած է նաեւ Ժան-Ժագ Հիէսթ, որ Ծերակոյտի օրէնքներու Յանձնաժողովին նախկին նախագահն է եւ 2011 Մայիսին ջանք չէր խնայած նման առաջին օրինագիծը վիժեցնելու համար: Բնապահ Գորին Պուշօ եւս յայտարարած է, թէ ստորագրած է դիմումնագիրը:
Յիշեցնենք որ Ծերակոյտի վեց խմբակցութիւններն են UMP (132 անդամ), ընկերվարական (130), Կեդրոն եւ հանրապետական միութիւն (UCR, 31), հանրապետական եւ ընկերվարական համայնավար խմբակ (CRC, 21), արմատական ձախ (RDSE, 16) եւ բնապահները (10).
Ծերակոյտի նախկին նախագահը՝ Ժերար Լառշէ, որ դէմ քուէարկեց օրէնքին, յայտարարած է թէ պիտի չստորագրէ բողոքի դիմումնագիրը:
Ազգային Ժողովին մէջ ալ UMP երեսփոխան Ժագ Միյար ձեռնարկած է նման ստորագրահաւաքի: Ուրբաթ, Յունուար 27ին կ?ըսուէր թէ արդէն ապահոված է 35 ստորագրութիւն, մեծամասնութեամբ UMP երեսփոխաններէ:
***
CCAF հաղորդագրութիւն մը հրապարակած է, ուղղուած՝ օրէնքին ընդդիմադիր ֆրանսացի խորհրդարանականներուն, ուր կ?ըսուի. «Ծերակուտականներ, երեսփոխաններ, աւելի նախատական մի դարձնէք ձեր ընդդիմութիւնը: Մի բողոքէք Սահմանադրական Խորհուրդին մօտ»:
Ֆրանսահայ Նախկին Ռազմիկներու եւ Դիմադրականներու Միութիւնն ալ, իր նախագահին՝ Անթուան Պաղտիկեանի ստորագրութեամբ բողոքի նամակ մը յղած է երեսփոխան Ժագ Միյարին, որ Ազգային Ժողովին մէջ օրէնքին ընդդիմադիր 60 երեսփոխանի ստորագրահաւաքի ձեռնարկած է, դիմելու համար Սահմանադրական Խորհուրդին:
***
Թուրքիոյ Փարիզի դեսպանը եւ Առեւտուրի ֆրանքեւթրքական գրասենեակը, իրարմէ անջատ, նամակներ ղրկած են բոլոր երեսփոխաններուն եւ ծերակուտականներուն, կոչ ընելով բողոքի դիմելու՝ Սահմանադրական Խորհուրդին մօտ: Գրեթէ նոյն բովանդակութեամբ երկու նամակներուն մէջ ալ կ?ըսուի թէ օրէնքը ընտրամէտ էր, անով զոհուեցան ֆրանքեւթրքական բարի յարաբերութիւնները, խտրական եւ ցեղապաշտական վերաբերում որդեգրուեցաւ Թուրքիոյ եւ Թուրքերուն հանդէպ, այս ամբողջը կատարուեցաւ հակասահմանադրական ճամբով, եւլն. եւլն.:
***
LICRA-ն՝ Ցեղապաշտութեան եւ Հակասեմականութեան Դէմ Միջազգային Լիկան ալ հաղորդագրութիւն մը հրապարակած է օրէնքին շուրջ ծաւալող բանավէճին առթիւ: Լիկային նախագահը՝ Ալէն Ժաքուպովիչ նախ կը նշէ թէ չորս ցեղասպանութիւն՝ հայկական, հրէական, թութսիական եւ պոսնիական միջազգայնօրէն ճանաչում գտած են, իսկ իրաւաբանօրէն Ֆրանսայի կողմէ՝ առաջին երկուքը միայն: Անդրադառնալով ստեղծուած բանավէճին, կ?ըսէ թէ Կէսոյի օրէնքին առթիւ ալ անոր «յիշողական» բնոյթին յենող պատճառաբանութիւններ առաջ քշուած էին: Կ?աւելցնէ, թէ ֆրանսական իրաւաբանութեան մէջ այդպիսի բան չկայ: Օրէնք մը կամ հասարակ է կամ ալ սահմանադրական, կամ խորհրդարանական է եւ կամ՝ հանրաքուէի դիմելի, բայց ոչ՝ յայտարարական կամ յիշողական: Ժաքուպովիչ չի հասկնար նաեւ այն պատճառաբանութիւնը ըստ որու՝ Հայոց Ցեղասպանութեան պարագային դէպքերը չեն պատահած Ֆրանսայի մէջ, ուրեմն հարցը չի վերաբերիր Ֆրանսայի: “Ի՞նչ կը փոխուի” հարց կու տայ ան, երբ անոր ժխտումը տեղի կ?ունենայ Ֆրանսայի մէջ: Ու կ?եզրափակէ յիշելով Մոնթէսքիէօյի մէկ խօսքը՝ «Բան մը ճիշդ չէ որովհետեւ օրէնք է, այլ պէտք է դառնայ օրէնք որովհետեւ ճիշդ է»:
***
«Ֆիկառօ», օրէնքին վաւերացումէն ետք՝ Պոլսոյ հայութեան դիրքորոշման մասին յօդուած մը հրատարակած է: Թերթը կը գրէ, թէ երկրին այդ փոքրամասնութիւնը շուրջ հարիւր տարի է վարժուած է գլուխ հակելու: Դեկտեմբեր 22ի քուէարկութենէն ետք ա՛լ աւելի թափ առած ժխտողականութեան մթնոլորտի մը մէջ Հայերը բնականաբար բացէ ի բաց չեն կրնար ըսել, թէ գոհ են Յունուար 23ի քուէարկութենէն բայց, խորքին մէջ գոհ են, ինչպէս յայտնած է «Ակօս»ի խմբագրապետ Ռոպէր Քոփթաշ:
***
«Մոնտ» իր կայքէջին վրայ Յունուար 24ին հարցախոյզ մը սկսած է պատժելիութեան օրէնքին նիւթով: Ձեւակերպուած է հետեւեալ ձեւով.
«Ծերակոյտը վերջնականապէս որդեգրեց Հայոց Ցեղասպանութեան ժխտումը պատժող օրէնքը: Ատիկա ձեզի համար կը նշանակէ՝
- Ֆրանսայի վեհութիւնը
- Ֆրանսայի կողմէ գործուած սխալ մը
- Ոչ մէկը, ոչ միւսը
- Առանց գաղափարի:
Յունուար 27ին, «սխալ մըն է» ըսողներու թիւը ջախջախիչ մեծամասնութիւն կը կազմէր, աւելի քան 64%ով: Ֆրանսայի վեհութեան ի նպաստ քուէարկողներու համեմատութիւնը միայն 22,5% էր:
Քուէարկելու համար այցելել՝
http://www.lemonde.fr/a-la-une/sondage/
հասցէն եւ հոն ընտրել օրէնքին վերաբերող հարցախոյզը:
***
Ֆրանսայի Ծերակոյտին կողմէ պատժելիութեան օրէնքին վաւերացումը մեծ ցնծութիւն պատճառած է Հայաստանի մէջ։ Երեքշաբթի, Յունուար 24ին, Երեւանի ֆրանսական դեսպանատան առջեւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ու «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւններու նախաձեռնութեամբ տեղի ունեցած է հաւաք մը: Մասնակից երիտասարդները իրենց երախտագիտութիւնը փոխանցած են Ֆրանսայի ներկայացուցչութեան։ Հաւաքին մասնակցած են նաեւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան երիտասարդները: Հաւաք մըն ալ կազմակերպած են Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան «Միասին» երիտասարդական միութեան անդամները։
ՆՅ
Նոյյան տապան
Հարցազրույց «Արդարութեան եւ Ժողովրդավարութեան Եւրօ?Հայկական Դաշնակցութիւն» կազմակերպության ղեկավար Հիլդա Չոբոյանի հետ
Հիլտա Չոպոյեան ծնած է Հալէպ, 1967ին՝ ուսման համար եկած է Կրընոպլը։ Շրջանաւարտ է Տնտեսական գիտութիւններու համալսարանէն, միաժամանակ հետեւած է նաեւ Քաղաքական գիտութիւններու բաժնին։ 1978էն վարած է Տէսինի Հայ Մշակոյթի Տան տնօրէնուհիի պաշտօնը։ 1995էն 2006 եղած է Հ.Յ.Դ. Ֆրանսայի Բիւրոյի անդամ։ 1977էն 1987, ՄԱԿ−ի եւ Եւրոպական Խորհրդարանի մօտ պայքար մղած է ի նպաստ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման։ 1990էն ղեկավարած է «Հայ Դատի Եւրոպական Յանձնախումբը», որ 2001ին վերանուանուած է «Արդարութեան եւ Ժողովրդավարութեան Եւրօ−Հայկական Դաշնակցութիւն»։ 1996ին ստանձնած է Մարդկային իրաւանց եւ հակամարտութեանց լուծման՝ Ժընեւի «Կովկաս» կեդրոնին նախագահութիւնը։ 2000էն դարձած է ՄԱԿ−ի մօտ՝ մարդկային իրաւանց բարձրագոյն կառավարչութեան խորհրդական։ 2011 Նոյեմբեր 21էն ի վեր Ռոն−Ալփի (Լիոնի 3րդ շրջանի) շրջանային խորհուրդի անդամ է։
Հ. Տիկին Չոպոյեան, «Եւրոպայի Հայ Դատի պաշտպանութեան գրասենեակ»ի գործունէութեան մասին կրնայի՞ք ընդհանուր տեղեկութիւններ ներկայացնել։
Պ. Նախ ըսեմ, որ Եւրոպայի գրասենեակը ստեղծուեցաւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի եւ Հայ Դատի եւրոպական պատուիրակութեան գործունէութեան որպէս շարունակութիւն։ 1982ին Ցեղասպանութեան ճանաչում եղաւ, 1988էն սկսեալ մենք Եւրոպական Խորհրդարանին հետ մեր անձնական կապերով եւ միջոցներով, յարաբերութիւնները պահպանեցինք… երկու հոգիով աշխատած ենք՝ Այտա Գրիգորեանը եւ ես։ Տասը տարի վերջ՝ 1998ին, Դաշնակցութիւնը կառոյց մը ստեղծեց՝ Հայ Դատի եւրոպական յանձնախումբը, եւ 2001 թուականին էր, որ առաջին անգամ գրասենեակի միջոցներ հայթայթուեցան։ Մինչ այդ, Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի, Հայաստանի անկախութեան, Ղարաբաղի ժողովուրդին դէմ եղած անիրաւութիւններու եւ հալածանքներու, արցախեան ժողովուրդի պայքարի մասին՝ Եւրոպական Խորհրդարանը, այդ շրջանի ճղճիմ միջոցներով կատարուած աշխատանքի որպէս արդիւնք, շատ կարեւոր բանաձեւեր ընդունեցաւ, որոնք այսօր պատմութեան մաս կը կազմեն։
Հ. Օրինակի համար, ի՞նչ բանաձեւեր…
Պ. Օրինակ՝ բանաձեւ մը, որուն մէջ Եւրոպական Խորհրդարանը կ?ըսէ, որ զօրավիգ է Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքին (կարծեմ ընդունուած է 1989ին)։ Ղարաբաղի գիւղերուն մէջ առաջին ջարդերու, տարածքներու գրաւման վերաբերեալ՝ Եւրոպական Խորհրդարանը մտահոգութիւն յայտնած է, Սումկայիթի ջարդերուն մասին յատուկ բանաձեւ մը ընդունած է, եւայլն եւայլն… Մինչեւ 1994ի պատերազմի աւարտը՝ մեծ կարեւորութեամբ Եւրոպական Խորհրդարանը այս որոշումները ընդունած է։
Հ. Ինչո՞ւ այս մասին ըստ արժանւոյն չի խօսուիր։
Պ. Այս ձեռքբերումներու շուրջ մեծ աղմուկ չբարձրացաւ, որովհետեւ Հայաստանի մէջ խառնիճաղանճ վիճակ էր, եւ Հայաստանի իշխանութիւնները ի վիճակի չէին նոյնիսկ անդրադառնալու Եւրոպական Խորհրդարանի այս որոշումներուն։ Այսօր է, որ կ?արժեւորուին ատոնք։ Այս տասը տարուան գործունէութեան ընթացքին նաեւ ուրիշ կարեւոր բանաձեւեր ալ եղան. օրինակ՝ 1999ին ընդունուած բանաձեւով մը՝ Եւրոպական Խորհրդարանը իր զօրակցութիւնը կը յայտնէ «հասարակաց պետութիւն» հասկացողութեան, ինչ որ Ազէրպայճանի մէջ մեծ աղմուկ բարձրացուց։
Հ. «Հասարակաց պետութիւն», այսինքն՝ Հայաստան եւ Ղարաբաղ միասի՞ն։
Պ. Այո՛։ Մենք կարողացանք համոզել Եւրոպական Խորհրդարանի անդամները, որ ի նպաստ այս գաղափարին բանաձեւ ընդունին։ Ընդհանրապէս, «Հայ Դատի գրասենեակ»ի եւրոպական աշխատանքի կորիզը կը կազմէր հայանպաստ բանաձեւերու որդեգրումը. աւելի՝ Եւրոպական Միութեան յանձնառութիւնը՝ արդարութեան կողքին, այդ ժամանակաշրջանի հակամարտութենէն տառապող հասարակութեան ի պաշտպանութիւն։
Հ. Ի՞նչ կ?ըսէք «Արդարութեան եւ Ժողովրդավարութեան Եւրօ−Հայկական Դաշնակցութեան» մասին։
Պ. Ան 2001ին ստեղծուեցաւ. ատկէ առաջ կը կոչուէր «Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբ»։ Բայց վերջաւորութեան, որպէսզի իր ամբողջական իմաստը ստանայ, անունը փոխեցինք եւ եղաւ «Եւրօ-հայկական դաշնակցութիւն՝ արդարութեան եւ ժողովրդավարութեան համար»։ Մեր գործունէութեան մէջ արդարութեան գաղափարը շատ հիմնական եղած է. այստեղ չէք կրնար գտնել մերկապարանոց՝ հակաթրքական, սովորական դարձած կարգախօսային գործունէութիւն։ Փորձած ենք հիմնական հարցերը դնել՝ զետեղելով համամարդկային համապատկերին մէջ, եւ համամարդկային սկզբունքներով հարցերը արծարծել։
Հ. Միջոցները ո՞ւրկէ կը հայթայթէիք։
Պ. Նախ, անձնական միջոցներ էին, բայց գրասենեակը ստեղծելէն վերջ՝ Հայ Դատի համար համահայկական դրամահաւաք տեղի ունեցաւ Եւրոպայի մէջ, եւ ատոր մէկ բաժինն էր, որ գանձատրեց գրասենեակը։
Հ. 2000էն սկսեալ՝ Եւրոպական Միութեան խորհուրդի կողմէն շրջագծային որոշման (décision cadre) հարցը մէջտեղ ելաւ, ի՞նչ կրնաք պատմել անոր մասին։
Պ. Այդ առաջարկը, իրականութեան մէջ, ցեղասպանութիւններու առաջարկ չի պարունակեր։ Բուն ենթաթեքսթը՝ ցեղապաշտութեան եւ օտարատեացութեան դէմ կանոնագրութիւն մը ստեղծելն էր Եւրոպայի մէջ։ Եւ այդ կանոնագրութեան մէկ բաժինը կը վերաբերի մարդկութեան դէմ գործուած ոճիրներու ուրացման պատժելիութեան՝ քրէականացման մասին։ Այդպէսով, ընդհանուր շրջագիծը՝ ցեղապաշտութեան դէմ պայքարն էր, զայն քրէականացնելու ճիգ մըն էր Եւրոպայի կողմէն, որ առաջին տարիներուն տեղական դժուարութիւններու հանդիպած ըլլալով՝ մանաւանդ երկիրներու մէջ քաղաքական մշակոյթի տարբերութիւնը նկատի առած, եւ իւրաքանչիւր երկրի պատմական փորձառութիւնները, տարբերութիւնները հաշուի առած, դիմադրութիւններու հանդիպած եւ դարակին մէջ մնացած էր։ Միայն 2006 թուականին է, որ Գերմանիա՝ նախագահութիւնը ստանձնելէն անմիջապէս, փորձեց ի զօրու դարձնել ցեղապաշտութեան դէմ այս օրինագիծը, որ իսկական օրինագիծ ալ չէր. որոշում մըն էր, որ պարտադիր չէր։ Պարտադիր չէր անիկա ներառնել օրէնսդրութեան մէջ, բայց իւրաքանչիւր երկիր պարտաւոր էր արդիւնքները ապահովելու, այսինքն՝ ցեղապաշտութեան դէմ քրէականացման միջոցներ ունենալու։
Հ. Ե՞րբ եւ ի՞նչպէս, վերջապէս, յաղթահարուեցան այդ դժուարութիւնները։
Պ. Արեւելեան եւ Արեւմտեան Եւրոպաներու հասկացողութիւններու մէջ մեծ տարբերութիւններ կային՝ մարդկութեան դէմ գործուած ոճիրներուն վերաբերեալ, եւ այս պատճառով, դժուարութիւններէն վերջ, վերջապէս նախ՝ գերմանական եւ յետոյ ֆրանսական նախագահութիւնը վերջնականացուցին այդ խնդիրը։ Այս օրէնքը ընդունուեցաւ 2008ին։ Անմիջապէս տարածեցինք այդ լուրը, եւ կոչ ըրինք Եւրոպայի մէջ գտնուող բոլոր այն ուժերուն, որոնք ցեղասպանութեան ուրացման դէմ պայքար կը տանէին եւ անոր քրէականացման համար արդէն իսկ աշխատանք տարած էին, ի շարս որոնց՝ Ֆրանսան, Պելճիքան, Հոլանտան, Գերմանիան, եւլն.։
Հ. Կոչերէն բացի, այլ միջոցառումներու նախաձեռնեցի՞ք։
Պ. Գործնական մէկ ժողով կազմակերպեցինք, որուն շուրջ 60 ներկայացուցիչներ եկած էին՝ եւրոպական մօտ 8 երկիրներէն, եւ ուր Ֆրանսայի մեր հայկական կազմակերպութիւններու ղեկավարները կը փայլէին իրենց բացակայութեամբ՝ 2009 Յունուարին։ Այս ժողովի ընթացքին հրաւիրած էինք եւրոպական միութեան փորձագէտներ, իրաւաբաններ, որոնք պէտք է բացատրէին տեղւոյն վրայ գտնուող շարքայիներուն, թէ ինչպէս պէտք է կազմակերպուին։ 2006ի Ազգային ժողովի քուէարկած օրէնքը չյաջողեցաւ՝ մինչեւ անցեալ տարուան Մայիսը տեսանք, թէ ինչպիսի դժուարութիւններու կը հանդիպէր։ Իսկ այս մէկը՝ 2008ի շրջագծային օրէնքը, շատ մեծ հնարաւորութիւններ կու տար, քանի Հայոց Ցեղասպանութեան մասին չէր. այս օրէնքը կը վերաբերի բոլոր ցեղասպանութիւններուն. եւ իւրաքանչիւր երկիր ինք պէտք է որոշէ, թէ որ ցեղասպանութիւններու ուրացումն է, որ պատժելիութեան ենթակայ պէտք է ըլլայ։ Իսկ ինչ կը վերաբերի Ֆրանսայի, որ արդէն իսկ ճանչցած էր Հայոց Ցեղասպանութիւնը, կարելի չէր երեւակայել, եթէ պէտք եղած աշխատանքը օրը-օրին տարուէր, որ ան իր օրէնսդրութեան մէջ չմտցնէր այս բանը։ Այսօր յաջողած տարբերակը, փաստօրէն, այս տարբերակն է։ Նոյն տարին՝ 2009 Հոկտեմբերին, կազմակերպեցինք գիտաժողով մը Եւրոպայի մէջ՝ ցեղասպանութիւններու ուրացման եւ պատժելիութեան մասին, գերմանացի եւրօ-երեսփոխաններու հովանաւորութեամբ. շատ կարեւոր անձնաւորութիւններ եկան, պարագաներու մասին խօսեցան, թէ իւրաքանչիւր երկրին մէջ ի՛նչպէս Թութսիներու, Հայերու եւ հրէական ցեղասպանութիւնները ենթակայ են ուրացման։ Ֆրանսայի ներկայացուցիչները ներկայ չէին այս ժողովին ալ։
Հ. Նկատի ունիք ֆրանսահա՞յ։
Պ. Այո։ CCAFը, օրինակի համար, ներկայ չէր։ Պատճառը, կարծեմ, իրենց պէտք է հարցնել… անտարբերութիւն. թերեւս այնքան վստահ էին իրենց գիտցածով, որ նոր բան պէտք չէր փորձել եւլն., եւ փաստօրէն երբ Մարսիլիայէն փաստաբան Ֆիլիփ Գրիգորեանը մեր ըսածը կրկնեց իրաւաբանական լեզուով եւ ձեւակերպումներով, առաջին հակազդեցութիւնը եղաւ, որ կազմակերպութիւնները ըսին որ ժամանակը չէ. CCAFի պատասխանատուն կ?ըսէր որ ժամանակավրէպ է եւ ի զօրու չէ։ Անհորիզոն աշխատելու հետեւանք է ասիկա, իսկ այսօր մենք քաղաքական պայքարի այդ լայն հորիզոնին կարիքը ունինք։
Հ. Այսօր ի՞նչ վիճակի մէջ է գրասենեակը։
Պ. Գրասենեակը գոյութիւն ունի, աշխատանքները քիչ մը տարբեր ոճով կ?ընթանան, չեմ կրնար հիմա շատ անդրադառնալ, որովհետեւ պէտք է տեսնել թէ ժամանակի ընթացքին ինչ կ?ըլլայ։ Գրասենեակը անձնակազմ ունի՝ երեք հոգի կ?աշխատին, պատասխանատու չկայ։ Ուղղութիւն մը տրուած էր, այսօր այդ ուղղութիւնը չեմ գիտեր՝ պիտի պահպանուի թէ ոչ, քիչ մը կանուխ է խօսելու համար։
Հ. Դուք հրաժարա՞ծ էք գրասենեակի պատասխանատուի պաշտօնէն։
Պ. Ես հրաժարելու վրայ եմ, վերջին գործերս պէտք է յանձնեմ եւ հրաժարիմ։ Երկու կարեւոր պատճառ կայ. քաղաքական լոպիինկի համար ես պէտք է քաղաքականապէս աւելի ազատ ըլլայի, քանի այսօր քաղաքական պատասխանատւութիւն ունիմ կուսակցութեան մէջ, եւ դժուար է ինծի համար, ատոր հետ միասին, բոլոր քաղաքական կուսակցութիւններու հետ շփում ունենալ։ Շրջանային խորհրդական դառնալով՝ այստեղ նաեւ բարոյական-քաղաքական խնդիր մը կայ. երկրորդը՝ այսօր հանգրուանի մը հասած ենք, որ նոյն միջոցներով եւ ձեւերով «Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ»ի աշխատանքները շարունակել կարելի չէ. այսօր նոր միտքերու, նոր գաղափարներու, աշխատանքի նոր ոճի պէտք ունինք։
(Մնացեալը յաջորդով)
Հարցազրոյցը վարեցին՝
ՏՈՐՔ ԴԱԼԱԼԵԱՆ եւ ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ
ՆՅ
Նոյյան տապան
Հոդվածներ եւ վերլուծություններ
Շահան Գանտահարյան. Մեր անունն է հայկական բանակ
Հայաստանի հանրապետության 20-ամյակի տոնակատարություններից շքեղագույնը հայոց բանակի շքերթն էր, որն ստեղծած զգացականության անմիջական ալիքից բացի, հստակ պատգամներ ուներ՝ ուղղված մեր երկիրը շրջապատած ու շրջափակած թե՛ Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին: Մեր հանրապետությունը շրջափակած տարածաշրջանային ուժ Թուրքիան եւ իր ռազմական բյուջեն անընդհատ մեծացնող Ադրբեջանը ստացան անհրաժեշտ պատգամները, երբ Երեւանի հրապարակում ցուցադրվեց հայկական զինուժը, ռազմարդյունաբերության նորագույն արտադրությունները, ընդհուպ մինչեւ անօդաչու սարքերի հայկական արտադրության տարբերակները:
Թշնամական վերաբերումներով շրջափակված, դիվանագիտական խզումներով հատկանշված, հարեւան պետությունների անմիջական սպառնալիքների տակ, անդադար խախտվող զինադադարի դեպքերի դիմաց եւ անավարտ պատերազմի կարգավիճակում գտնվող մեր երկրի բանակի դերն ու նշանակությունը բազմակի իմաստ ունեն: Ֆիզիկական առումով գոյության պահպանման խնդիրը մնայուն սթ ափ ու ահազանգային վիճակում գտնվելու շեշտակի մարտահրավեր է պարտադրում հայոց բանակին. ընդմիշտ:
Հայրենիքի պաշտպանության առաջադրանքը համայն հայության առաջնային օրակարգն է: Հայրենական խնդիրներին իրազեկ դառնալը, հայրենիքին վերաբերող տարբեր ոլորտի աշխատանքներին մասնակից դառնալը, որոշումների կայացման գործընթացներին բոլոր հայերի ներգրավվածությունը ապահովելը եթե իրավունքներ են, ապա նաեւ հայրենիքի պաշտպանության գործի մասնակցությունը եւս իրավունք է ու պարտականություն միաժամանակ: Հարցը պետք չէ կապել անշուշտ քաղաքացիության ձեռք բերման հետ: Ազգային պատկանելիությունը հիմնական շարժառիթն է նման կարեւոր եւ այս պայմաններոմ օրհասական նկատվող, նույնիսկ՝ աշխատանքի մասնակցության:
Գիտակցական բաժինն ու արյան կանչի իրականությունը իրենց հերթին, այսուհանդերձ ժամանակակից դրությամբ հաստատությունները գրավիչ դարձնելու խնդիր գոյություն ունի, որը առնչվում է տվյալ հաստատության, այս դեպքում՝ բանակի հեղինակության, վարկի, մարտունակության եւ կազմակերպվածության հետ: Ահա թե ինչու առաջնակարգ կարեւորություն է ստանում հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի նկատմամբ բանակի պատասխանատուների կողմից ցուցաբերվելիք նախանձախնդրությունը, մարտունակ ոգու պահպանման համար համապատասխան մասնագիտական միջոցների կիրարկումը, հայ զինվորի արժանապատվությունը բարձր պահելու սկզբունքային մոտեցման ցուցական դրսեւորումները ու տակավին բանակի տարբեր բաժանմունքներում արձանագրվող միջադեպերի բացահայտումը, նման արարքների պատասխանատուներին պատժելիության ապահովումը, օրենքի գերակայությամբ անաչառության եւ արդարության մթնոլորտի տարածումը:
Այս առաջադրանքների իրականացման ուղղությամբ շարժվելը, հավաստիություն, վստահելիություն եւարդարություն ցուցաբերելը, զինուժի կատարելագործման առընթեր կհաջողեն հայոց բանակը պահել տարածաշրջանում ամենամարտունակը եւ անգերազանցելին, ինչպես վկայում են օտար ռազմագետները:
Հայոց բանակը մեկ կարեւոր փորձաքարի առջեւ է նաեւ այս օրերին. մեր երկրի ընտրակարգի խոցելի կետերից մեկը եւս բանակայինների համախումբ, միանշանակ եւ զանգվածային քվեարկելու եղանակն է:
Թվում է, որ բոլոր կողմերը համոզվել են, որ համապետական շահերից են բխում արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելը մեր երկրում. Հայաստանի ընտրակարգի տակավին կատարելագործման առաջադրանքներ ու իրականացման աշխատանքներում կարեւոր է այս երեւույթի բարեփոխումը: Բանակայիններն ու իրենց ընտանիքները պիտի զգան անպայման, որ ընտրությունների ընթացքում ազատ են իրենց դիրքորոշումներում եւ որեւէ ձեւով զինվորական կարգապահության ուղղահայաց դրվածքով պատվեր կատարելու կարգավիճակի մեջ չեն գտնվում այս դեպքում:
Եթե իրոք ուզում ենք որակական հեղափոխություն ապահովել մեր ընտրակարգում, այս երեւույթը բարեփոխելու ուղղությամբ աշխատանքը անհետաձգելի է: Հայոց բանակը համահայկական ուշադրության արժանի հաստատություն է: Մեր լինելությունը պահպանող հիմնական ու անփոխարինելի կռվանն է: Մեր գոյությունն է, մեր անունն է: Ընտրությունների ընթացքում իր պահվածքով, հայոց բանակը իր մասնակցության եղանակով կարող է մեծ առիթն օգտագործել՝ ծառայելու համար Հայաստանի Հանրապետության համապետական շահերին։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
"Ազդակ"-ի գլխաւոր խմբագիր
Նոյյան տապան
©«Նոյյան Տապան» ™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28, Հեռ: (37410) 565965, (1818) 480-67-03, (1818) 480-57-63, Ֆաքս`(37410) 524279,
Էլ.հասցե` info@nt.am կամ
contact@nt.am,
կայք` www.nt.am
|