Հայաստան

[ 10.07.2009 ] ՀՀ Սփյուռքի նախարարությունը կկազմակերպի Կալիֆոռնիայի հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուի առաքումը Սփյուռքի գաղթօջախներ
2008-ին Երեւանի «Վան Արյան» հրատարակչատունը լույս էր ընծայել Կալիֆոռնիայի հայ գրողների առաջին` «Ձայն բազմաց...» ժողովածուն, որ պատվիրել էր Կալիֆոռնիայի Հայ գրողների միությունը (ԿՀԳՄ): Հազար օրինակով տպագրված ժողովածուի 400 օրինակն ուղարկվել է Կալիֆոռնիա, իսկ 600-ը` նվիրաբերվել ՀՀ Սփյուռքի նախարարությանը, պայմանով, որ այդ քանակի մի կեսը տարածվի Հայաստանում, մյուսը` Սփյուռքում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ձայն բազմաց...» ժողովածուի 300 օրինակը տրամադրվել է Հայաստանի գրողների միությանը, նույնքան էլ նախարարությունը կառաքի Սփյուռքի գաղթօջախների գրողների միություններ, գրադարաններ եւ կրթական հաստատություններ:

«Ձայն բազմաց...»-ն ընդգրկում է կալիֆոռնիաբնակ 17 արձակագիրների եւ 35 բանաստեղծների ստեղծագործությունները: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիկոպոս Տերտերյանը ժողովածուի լույսընծայման կապակցությամբ գրել է. «Սեղանիս է քերթվածներու եւ արձակ ստեղծագործություններու հաստափոր տրցակ մը, որ Կալիֆոռնիայի Հայ գրողներու միության հերթական նախաձեռնությամբ լույս պիտի տեսնե ժողովածուի տեսքով` հայ նորագույն գրականության պատմության մեջ արձանագրելով եւս մէկ շոշափելի հաղթանակ: Այո', հաղթանակ, որովհետեւ մեր օրերու ընկերային, նյութական ու քաղաքական ազդեցությունների առկայությամբ հիրավի հերոսություն է աշխարհայինեն, նյութականեն հեռու մնալը եւ անմնացորդ տրվելը մշակույթին եւ գրականությանը»:

1998-ի սեպտեմբերին, երբ Գլենդելի Հանրային գրադարանի սրահում սկսեցին կազմակերպվել «Գրական ասպարեզ» խորագրով ստեղծագործական ամենամսյա նիստերը, արդեն նկատելի էին ԿՀԳՄ-ի հիմնադրման նախադրյալները: Բանաստեղծ Գրիշ Դավթյանի այդ ձեռնարկի կենսունակությունն էլ նպաստեց այն բանին, որ 2003-ի նոյեմբերին հիմնադրվեց ԿՀԳՄ-ն: «Գրական ասպարեզ»-ը միացավ միությանը: Այնուհետեւ կազմալուծվեց եւ ԿՀԳՄ-ին միացավ Լոս Անջելեսի Հայ գրողների միությունը:

ԿՀԳՄ-ն Գլենդելի Հանրային գրադարանում շարունակում է գրական ամենամսյա նիստերի գումարումը: Դրանց ընթացքում ելույթ են ունենում նաեւ հյուրընկալված գրողները: Վաղուց արդեն ավանդույթ են դարձել գրողների հեղինակային ելույթները, նոր հրատարակված գրքերի ներկայացումը, ազատ ամբիոնները, գրական եւ հասարակական քննարկումները, թեմատիկ, ճանաչողական արժեք ունեցող զեկույցները: ԿՀԳՄ-ն ամեն տարվա ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկամատույցի արարողություն է կազմակերպում` Գլենդելի Սբ. Աստվածածին եկեղեցու «Ղողանջ ոգեկոչման» եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարանի խաչքարերի մոտ: Արարողությունների ժամանակ հնչում են Մեծ Եղեռնի նահատակ հայ գրողների ստեղծագործությունները:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] «Հայրենիքը հզոր է Հայաստանում, թե դրսում ապրող իր հայ զավակներով». Երեւանում մեկնարկեց Հայոց լեզվի եւ գրականության համահայկական չորրորդ օլիմպիադան
Երեւանում հուլիսի 10-ին մեկնարկեց Հայոց լեզվի եւ գրականության համահայկական չորրորդ օլիմպիադայի եւ հայագիտական գիտելիքների մրցույթը: Դրա նպատակն է արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի իմացությունը, օգնել նրանց ճանաչել հայրենիքը: Օլիմպիադաների անցկացումը նպաստում է նաեւ միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը եւ բարձրացնում Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականությամբ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրականացման արդյունավետությունը:

Հայոց լեզվի եւ հայ գրականության համահայկական օլիմպիադան կամփոփվի հայոց լեզվի գրավոր եւ հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքներով: Հայագիտական գիտելիքների մրցույթին, որն ընդգրկում է հայոց պատմությանը եւ մշակույթին վերաբերող հարցեր, կարող են մասնակցել նաեւ ոչ հայախոս պատանիներն` իրենց նախընտրած լեզուներով:

Հայոց լեզվի եւ գրականության օլիմպիադայի եւ հայագիտական գիտելիքների մրցույթի հաղթողների համար սահմանվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի 3-ական մրցանակներ: Մրցությունն ու մրցանակաբաշխությունը կազմակերպվում են` ըստ տարիքային խմբերի: Մասնակիցների համար նախատեսվում է կազմակերպել նախասիրական` ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի եւ այլ ստեղծագործական մրցույթներ, ինչպես նաեւ մշակութային, ուսուցողական միջոցառումներ:

Օլիմպիադայի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական ու հասարակական այլ գործիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Օլիմպիադայի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Խրախուսելով դպրոցականների իմացությունն այս ոլորտներում` մենք ակնկալում ենք, որ հայ ոգին նոր սերնդին տանելու է ինքնաճանաչման եւ ինքնակատարելագործման ճանապարհով, տանելու է դեպի ազգային վեհ նպատակներ: Մաղթում եմ հաջողություն, հաղթանակներ այս միջոցառումների ընթացքում եւ հետագա ողջ կյանքում: Հիշեք, որ գիտելիքը ուժ է եւ հնարավորությունների նոր, ավելի լայն դաշտ»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով մասնկիցներին, նշեց. «Հայագիտությունն այսօր Կառավարության ծրագրի առաջնահերթություններից մեկն է, եւ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք մեր հայկական ինքնության հարցերին: Չափազանց կարեւոր է, որ երիտասարդ տարիքից կարողանանք Ձեր մեջ սերմանել հետաքրքրություն այս թեմաների շուրջ, եւ մենք շահագրգռված ենք, որ այս բնագավառում գործող մասնագետների, գիտնականների քանակը տարեցտարի ավելանա: Այս միջոցառումներում ներգրավված երիտասարդներն այն պոտենցիալն են, որ հետագայում պետք է ապահովեն հայագիտության զարգացումը Հայաստանում եւ ընդհանրապես հայական աշխարհում»:

Օլիմպիադայի մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր հղել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ներկաներին շնորհավորեց մրցույթի գլխավոր հովանավոր Վիվա Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հայաստանի Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ հայրենիքից հեռու ապրել եւ չխոսել, չկարդալ, չստեղծագործել, չմտածել մայրենի լեզվով` մի ճանապարհ է, որ ուղղակի տանում է ազգային ինքնության, հայեցի լեզվամտածողության կորստի: Հայը պատմական բոլոր ժամանակներում, այդ թվում` Եղեռնի օրերին պահել, պահպանել է իր մայրերին, նշել է փոխնախարարը, ուստի կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ սփյուռքահայ երիտասարդներին լավագույն հնարավորություն է ընձեռնվել իրենց հայաստանցի տարեկիցների հետ միասին ստուգել մայրենի լեզվի, հայոց պատմության ու ազգային մշակույթի իմացությունը:

Դիմելով սփյուռքահայ դպրոցականներին Ս.Պետրոսյանը նշել է, որ նրանք օտարախոս միջավայրում հայեցի կրթութուն ու դաստիարակություն են ստանում, սիրում եւ գնահատում են իրենց նախնիների լեզուն, հայրենիքի մշակույթն ու հազարամյակների պատմությունը, հայկական բարի ավանդույթներն ու սովորությունները: Առանց գիտելիքների եւ իմացության հարափոփոխ աշխարհում հնարավոր չէ դիմակայել այսօրվա մարտահրավերներին: «Հայրենիքը հզոր է Հայաստանում, թե դրսում ապրող իր հայ զավակներով: Ձեզ նույնպես վիճակված է մեծ առաքելություն` զարգացնել Հայաստան-Սփյուռք կապերը, Ձեր մտավոր կարողությունները ներդնել նրա շենացման, հզորացման գործում, լինել նրա կողքին, Հայրենիքի հետ կիսել նրան նետված մարտահրավերների դեմ պայքարի ողջ ծանրությունը», - ասել է Սփյուռքի փոխնախարարը:

Հայոց պետության հոգացության մասին է վկայում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ օլիմպիադայի կազմակերպումը, ինչպես նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից այս տարվանից կազմակերպվող սփյուռքահայ երիտասարդների պարբերական այցելությունները Հայաստան: «Արի տուն» ծրագրի շրջանակներում արդեն հաջորդ շաբաթ Հայրենիքը կընդունի երիտսարդների առաջին հոսքին` շուրջ 100 սփյուռքահայ երիտասարդների, իսկ հայաստանյան ընտանիքները կհյուրընկալեն նրանց իրենց ջերմ, հայկական հարկի տակ»:

«Ամեն բանից ավելի սիրեք Հայրենիքը: Հպարտ եղեք հայ կոչվելու համար: Ապրեք Հայաստանով եւ Հայաստանը կլինի Ձերը, այն կերեւա Ձեզ աշխարհի ցանկացած կետից: Եկեք նաեւ Հայաստանի համալսարաններում Ձեր կրթությունը շարունակելու համար: Եվ հիշեցեք` Ձեր սերնդին, հենց Ձեզ է այսօր վիճակված սփյուռքում հայապահպանության սուրբ առաքելությունը»,- եզրափակեց իր ողջույնի խոսքը Հայաստանի Սփյուռքի փոխնախարարը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայոց լեզվի եւ գրականության համահայկական առաջին օլիմպիադան կազմակերպել է 2003 թվականին, որին մասնակցել էր 4 երկրի 29 աշակերտ: 2005 թվականին համահայկական օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել էր նաեւ հայագիտական գիտելիքների մրցույթ, որին մասնակցել էր ընդհանուր առմամբ 7 երկրի 105 աշակերտ, իսկ 2007-ին` 9 երկրի 106 աշակերտ: 2009թ. հայոց լեզվի եւ գրականության համահայկական օլիմպիադային եւ հայագիտական գիտելիքների մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 12 երկրի 133 աշակերտ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ վարժարանների եւ կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաներն են, ինչպես նաեւ` այլ դպրոցներ հաճախող հայ եւ օտարազգի պատանիները (այս տարի մասնակցում է 5 օտարազգի պատանի):


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Հայաստանի արտաքին պարտքը առաջիկա տարիներին կկազմի 37-38%
Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերությունը առաջիկա 10-15 տարում կկազմի 37-38%-ը: Ինչպես հուլիսի 10-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հաշվի առնելով այն, որ վտանգավոր ցուցանիշ է համարվում 50%-ը, ուստի Հայաստանը չի անցնում ռիսկայնության մակարդակը եւ 38%-ը համարվում է կառավարվող: Նշվեց նաեւ, որ Հայաստանի կառավարությունն ունի միջազգային ֆինանսական կառույցներից վերցված վարկերի մարման ժամանակացույց` մինչեւ 2025թ.-ը:

Տ.Դավթյանի խոսքերով, ռեցեսիայի պայմաններում կառավարությունը տնտեսական զարգացման երկու տարբերակ է ունեցել` կրճատել բյուջետային ծախսերը կամ ավելացնել դեֆիցիտի չափը: Առաջին տարբերակը, նախարարի գնահատմամբ, ավելի կխորացներ տնտեսական ճգնաժամը, ուստի կառավարությունը որոշել է ընդունել դեֆիցիտի ավելացման տարբերակը: Ըստ նրա, ՀՀ Ազգային ժողովը «Բյուջետային համակարգի մասին» օրենքում դեֆիցիտի շեմը հասցրել է 7,5%-ի:

Դեֆիցիտի ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար Հայաստանի կառավարությունը բանակցություններ է սկսել Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի ու Ռուսաստանի կառավարության հետ: Բոլոր բանակցություններն էլ ավարտվել են հաջողությամբ, իսկ առաջիկա ամիսներին Հայաստանը կստանա մոտ 1 մլրդ դոլարի վարկ, որի մեծ մասն արդեն ստացվել է: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության 500 մլն դոլարի չափով վարկը, իսկ ԱՄՀ-ից 305 մլն դոլարի լրացուցիչ վարկ ստանալու համաձայնագիրն այսօր հաստատվել է ԱԺ-ում: Բացի այդ, արդեն ստորագրվել է վարկային համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ` 60 մլն դոլարի չափով, եւս 80 մլն դոլարի վարկային համաձայնագիր կստորագրվի Ասիական զարգացման բանկի հետ:

Տ. Դավթյանը հայտնեց, որ Հայաստանը այլեւս նման մեծ ծավալային ռեսուրսների պահանջարկ չի ունենա, իսկ այս վարկային ծրագրերը բավարար կլինեն, որպեսզի կատարվեն 2009-2010թթ.-ի ծախսերը:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Ըստ Տիգրան Դավթյանի, այս տարվա երկրորդ կեսին տնտեսության ընդհանուր կայունացման միտումները կսկսեն նկատվել
Առաջին կիսամյակի արդյունքները դեռեւս չեն ամփոփովել, սակայն կարող ենք ասել, որ տնտեսությունում սկսել են նկատվել որոշակի կայունացման միտումներ: Սակայն խոսքը չի վերաբերում ճգնաժամի հաղթահարմանն ու տնտեսության աճի վերականգմանը: Այս մասին հուլիսի 10-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, 2009թ.-ը սկսվել էր բավականին մեծ բացասական սպասումներով, ինչը պայմանավորված էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ: Այն արտացոլվեց թե ՀՆԱ-ի ծավալների կրճատմամբ, ընդհանուր տնտեսական ռեցեսիայով, որը իր ազդեցությունն ունեցավ ինչպես պետբյուջեի եկամուտների հավաքագրման, այնպես էլ հարկերի հավաքագրման ծավալներում: Տ.Դավթյանը նշեց, որ այս տարվա երկրորդ կեսից տնտեսության ընդհանուր կայունացման միտումները կսկսեն նկատվել, իսկ տարեվերջին դրանք ավելի ակնառու կդառնան: Նրա կանխատեսումներով, 2010թ.-ի կեսից կսկսվի տնտեսության անկման դանդաղ վերականգման գործընթացը: «Մենք կանխատեսում ենք ունենալ միգուցե փոքր, բայց 1-1,5%-ի չափով տնտեսության աճ»,- ասաց նախարարը:

Կայունացման միտումները, ըստ Տ.Դավթյանի, պայմանավորված է մի քանի գործոններից, այդ թվում` հարկերի հավաքագրման մակարդակից: Նրա խոսքերով, այս գործընթացում որոշակի առաջընթաց արդեն նկատվում է: Մասնավորապես, եթե մայիսին հավաքագրվել էր 38 մլրդ դրամ հարկ, ապա հունիսին հարկերի հավաքագրման ծավալն ավելացել է` հասնելով 43 մլրդ դրամի: Հուլիսի 10 օրվա արդյունքներով նույնպես որոշակի աճի միտում նկատվում է: Նախարարի գնահատմամբ, դա պայմանավորված է ինչպես վարչարարության բարելավման գործընթացներով, այնպես էլ տնտեսության որոշակի կայունացման միտումներով: Բացի դրանից, վերջին ամսվա ընթացքում որոշ չափով ավելացել են մասնավոր տրանսֆերտների քանակները, որոշակի աշխուժություն է նկատվում նաեւ ներմուծման, արտաքին առեւտրի ծավալների եւ տնտեսության այլ ոլորտներում:

Կարեւորել տնտեսության բոլոր ոլորտները եւ նպատակ ունենալով ունենալ դիֆերսիֆիկացված տնտեսություն, ըստ Տ.Դավթյանի, հատկապես լեռնահանքային արդյունաբերության, մետալուրգիայի եւ շինարարության ոլորտներում կառավարությունն իրականացնում է ավելի ակտիվ գործողություններ: Ըստ նրա, սրանք կարեւոր նշանակություն ունեն տնտեսության համար եւ դրանց արդյունավետ աշխատանքով էլ պայմանավորված ՀՆԱ-ի ծավալների աճը:

Նախարարը հայտնեց, որ վերջին շրջանում համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների որոշակի աճ է նկատվում, ինչը հնարավորություն է ընձեռել ոլորտի տեղական ձեռնարկություններին աշխատել շահութաբեր հատվածում, եւ արդեն վերականգնել իրենց արտադրության եւ արտահանման ծավալները: Որոշակի աշխուժացման միտուներ են նկատվում նաեւ շինարարության ոլորտում, եւ դա տնտեսության կայունացման համար որոշակի վստահություն է ներշնչում:

Անդրադառնալով ՀՀ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, Տ.Դավթյանը նշեց, որ պետությունը օգտագործելով լրացուցիչ ֆինանսական միջոցները մեծ ծավալներով իրականացնում է իրական հատվածի վարկավորում, կապիտալում մասնակցություն, պետական երաշխիքների տրամադրում: Տնտեսության խթանման համար է ստեղծվում նաեւ Կայունացման հիմնադրամը: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ ԿԲ-ի միոջոցով ռեսուրսներ են տրամադրվում նաեւ բանկային համակարգին. տարեսկզբին տրամադրվել է մոտ 50 մլն դոլարի վարկ, Համաշխարհային բանկի լրացուցիչ 50 մլն դոլար վարկային ռեսուրսները եւս կուղղվեն բանկային համակարգին` փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով: Բացի դրանից, մոտ 610 մլրդ դրամ ԿԲ-ի միջոցով նույնպես ուղղվել է բանկային համակարգին` նպատակ ունենալով վարկավորել տնտեսության տարբեր ոլորտները:

Ըստ Տ.Դավթյանի, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները առաջին հերթին իրենց վրա զգացել են կառուցապատողները: Այդ իսկ պատճառով, կառավարությունը մինչեւ 20 մլրդ դրամի (մոտ 53,33 մլն ԱՄՆ դոլար) չափով պետական երաշխիքներ է տրամադրելու կառուցապատողներին: Օպերատիվ շտաբ ներկայացված կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման 5 ծրագրի պետբյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 10 մլն դոլարի պետական երաշխիք: «Մենք մի ձեռքը մեկնում ենք կառուցապատողներին, որպեսզի նրանց դուրս բերենք այդ իրավիճակից, մյուս կողմից բավականին խիստ պահանջներ ենք դնում, որպեսզի կարողանանք այդ ռեսուրսները էֆեկտիվ օգտագործել»,- ընդգծեց Տ.Դավթյանը:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Քննարկվել են ԼՂՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ուղղված համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետեւողական ամրապնդման, արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորման եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցեր են քննարկվել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Հարություն Առաքելյանի եւ կենտրոնական վարչության անդամ Կարեն Կակոյանի միջեւ կայացած հանդիպմանը: զրուցակիցները կարեւորել են այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմից ստացված հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Բացվեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի վարչական շենքը
Հուլիսի 10-ին Երեւանի Բաղրամյան 24 հասցեում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը` մինչ այդ Խորհուրդը գտնվում էր Հայաստանի նախագահի նստավայրում: Արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ անցած մեկ տարում կառույցը լուրջ դերակատարում է ստանձնել: Խորհրդի 10 նիստերում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, մասնավորապես, ՀՀ պաշտպանության ռազմավարության վերանայման աշխատանքներին, միջազգային կառույցների հետ համագործակցության, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, Եվրամիության հետ քաղաքական համագործակցությանը, ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերությանը, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերություններին, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրին, երկրի համար կարեւորագույն հայեցակարգերի, ազգային ծրագրերի եւ ռազմավարությունների մշակմանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Ա.Բաղդասարյանը կարեւորեց Խորհրդի աշխատակազմի հիմնումը` Խորհրդի աշխատանքների կազմակերպման, միջազգային կապերի ամրապնդման եւ ընդլայնման տեսանկյունից: Կառույցի քարտուղարը նշեց, որ մեկ տարվա ընթացքում ԱԱԽ-ն գործնական եւ սերտ կապեր է հաստատել ՀԱՊԿ անդամ պետությունների, Մերձավոր Արեւելքի եւ եվրոպական մի շարք երկրների համապատասխան կառուցների հետ, համագործակցության հուշագրեր են կնքվել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհուրդների հետ, առաջիկայում կստորագրվեն համագործակցության հուշագրեր նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ այլ երկրների անվտանգության խորհուրդների հետ:

Խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը լրագրողներին հայտնեց, որ շենքի շինարարությունը իրականացվել է կարճ ժամկետում` մեկ տարում, շուրջ 600 մլն. դրամ բյուջետային միջոցներով: Խորհուրդը կունենա 90 աշխատակից, թափուր պաշտոնները կհամալրվեն օրենքով սահմանված կարգով, մրցույթներով:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Հերքման փոխարեն...
Չէինք արձագանքի «Առավոտի» հուլիսի 10-ի թիվ 130 համարում տպագրված լրագրող Արամ Զաքարյանի ««Արի տուն» ծրագիրը տապալվում է» չարագույժ հրապարակմանը, եթե չլինեին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքները իր ծուռ խոշորացույցի տակ առած թղթակցի կեղծ փաստերն ու տեղեկությունները: Մյուս կողմից էլ շատ ուրախ ենք, որ «Առավոտ»-ը այդքան արագ եւ օպերատիվ արձագանքում է նախարարության ցանկացած միջոցառմանը եւ կարող է այն դարձնել ընթերցողի քննարկման առարկա: Սակայն հարց է, թե ինչ է մատուցվում ընթերցողին` հավաստի տեղեկատվություն, թե՞...

Տեղեկացնենք, որ «Արի տուն» ծրագիրը նախապատրաստվել եւ իրականացվելու է պատշաճ մակարդակով, քանի որ դրա համար առկա են բոլոր հիմքերը: Բանն այն է, որ ծրագիրը մշակվել եւ ՀՀ կառավարության ծրագրերում ներառվել է դեռեւս 2008-ի նոյեմբերին եւ նախատեսվել է ավելի լայն ժամանակահատվածի համար` մայիս-հոկտեմբեր: Եթե հոդվածագիրը իրեն նեղություն տար եւ ուսումնասիրեր ՀՀ սփյուռքի նախարարության գործառույթներն ու ծրագրերը, ապա կիմանար, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը իրավասու չէ ղեկավարելու սփյուռքյան կառույցները, անհատներին, որ Սփյուռքի համայնքներն են որոշում երեխաներին եւ երիտասարդներին հայրենիք ուխտագնացության ուղարկելու ժամկետները` հաշվի առնելով նախարարության առաջարկած ժամանակացույցը: Նախարարության գործառույթը լոկ հայանպաստ ծրագիր ներկայացնելն է, իսկ մնացածը սփյուռքյան կառույցների խնդիրն է: Պարզից էլ պարզ է, որ դպրոցական արձակուրդները, հիմնականում բոլոր երկրներում, հուլիս-օգոստոս ամիսներին են, այդ իսկ պատճառով նախարարություն ներկայացված հայտերը հիմնականում վերաբերում են հենց այդ ամիսներին, իսկ ներկայացված հայտերի ընդհանուր թիվը առայժմ 305-ն է, որից առաջին հոսքում, հուլիսի 15-ից սկսած, «Արի տուն» ծրագրով Հայաստան կժամանեն թվով 154 սփյուռքահայ պատանիներ եւ երիտասարդներ: Հարկ ենք համարում նշել, որ «Արի տուն» ծրագրի նախապատրաստական փուլը մեկնարկել է դեռեւս փետրվար ամսին եւ իր մեջ ներառել այնպիսի մանրակրկիտ ուսումնասիրություններ, ինչպիսիք են` ընտանիքների ընտրություն, հանդիպումներ այդ ընտանիքների հետ (Երեւանում, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում) աշխատանքային հանդիպումներ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգված աշխատանք, հասարակական կազմակերպությունների ընտրություն, նրանց կողմից ներկայացված ծրագրերի համադրում, ծրագրի կազմկոմիտեի բազում նիստեր եւ բազմաթիվ այլ բաղադրիչներ, որոնք պիտի որ հայտնի լինեին հետազոտող-լրագրողին:

Դատապարտում ենք եւ անընդունելի համարում այն հայտարարությունը, թե իբր գաղտնի է պահվում «Արի տուն» ծրագրի արժեքը: Մանավանդ որ ԶԼՄ-ներին եւ մեր հանրությանը վաղուց է հայտնի, որ ծրագրի մեծ մասն իրականացվում է անվճար եւ ուղղակի դրված է հյուրընկալող հայ ընտանիքների ուսերին, քանի որ նրանց համար դա ավելի շուտ հոգու եւ բարոյական պարտքի զգացումի արտահայտման, ազգակցին հայրենի հարկի տակ առնելու, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման խնդիր է: Ծրագրի արժեքն իմանալու համար ոչ ոք նախարարություն չի դիմել: Ամենայն հավանականությամբ, չիմացությունից կամ չարակամությունից եկող նման «բացահայտումը» արվել է խոսքին ավելի ծանրակշիռ երանգ տալու համար: Մինչդեռ` «Սփյուռքի երիտասարդության` դեպի Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման եւ անցկացման «Արի տուն» խորագրով 2009 թվականի ծրագիրը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» N ՀՕ 197-Ն ՀՀ օրենքի Հավելված N1-ի բաժին 08-ի խումբ 04-ի դաս 01-ի 04` «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» կետով նախատեսված միջոցներով, որի մասին տեղեկատվությունը հասանելի է http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=42432 հասցեով` էջ 25-28, ինչպես նաեւ պետական բյուջեի մասին պաշտոնական տեղեկագրում:

Ինչ վերաբերում է ՀՀ սփյուռքի նախարարի «հանկարծակի» այցելություններին, ապա տեղեկացնենք, որ դրանք կարող են լինել եւ հանպատրաստից, եւ նախօրոք ծրագրված: Նաեւ մեկ հավելում. նախարարները արտասահման պաշտոնական կամ աշխատանքային գործուղումների են մեկնում ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի գիտությամբ եւ թույլտվությամբ: Նաեւ պետք չէ մոռանալ, որ նախարարի պաշտոնական այցերի նպատակներն ու արդյունքները լուսաբանում են ոչ միայն տեղական, այլ նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները: Նախարարության գործունեության թափանցիկության ապահովումը գերխնդիր է, քանի որ դրան հետեւում է ողջ Սփյուռքը, առհավատչյան` վերջին 5 ամիսների ընթացքում, նախարարի 3 մամուլի ասուլիսներն են, որոնք հեռարձակվել են ինտերնետով, ինչը հնարավորություն է ընձեռել աշխարհի տարբեր երկրների տասնյակ լրագրողների, հայաստանյան լրագրողների հետ հավասար մասնակցել ասուլիսին, տալ հարցեր եւ պատասխան ստանալ: Ավելացնենք նաեւ, որ ասուլիսները ուղիղ հեռարձակվել են Սփյուռքի մի շարք հեռուստաընկերություններով եւ ռադիոկայաններով:

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի ինտերնետային հասցեի վերաբերյալ «Առավոտ»-ի թղթակցի այսպես կոչված բարձր տեխնոլոգիական բացահայտումների կապակցությամբ, խնդրել ենք «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թողարկող` Պետական գնումների գործակալությունում կայացած մրցույթում հաղթած «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Գայանե Առաքելյանի պարզաբանումը, որը ներկայացվում է ստորեւ.

«Ցավում եմ, որ մեր գործընկերները նույն հարցի հետ կապված արդեն երկրորդ անգամ իրենց ընթերցողներին գցում են թյուրիմացության մեջ: Բանն այն է, որ «Առավոտ» օրաթերթի հուլիսի 10-ի համարում տեղ գտած հրապարակման «պատմությունը» սկսվել է դեռ ս.թ. մայիսի 15-ի «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի շնորհանդեսից, երբ «Առավոտի» թղթակցի «բացահայտումների» թիրախը դարձավ ոչ թե շնորհանդեսին հայտարարված եւ այդ օրվանից ի վեր գործող թերթի hayernaysor.am կայք-էջը, այլ www.hay.spyurq.am հասցեն, որը երբեւէ հայտարարված չի եղել եւ չի գործել. դա եղել է թերթի նախնական աշխատանքների փուլում ստեղծված հասցե` նախատեսված ներքին օգտագործման համար, սակայն չհայտարարված եւ չգործող հասցեի տեխնիկական աշխատանքային «թերությունները» հոդվածում վերագրվել էին իրական «Հայերն այսօր» կայքին, ուր դրանք իրականում ինքնստինքյան բացակայում էին: Այդ հրապարակումից (16.05.2009) հետո մենք «Առավոտ» օրաթերթից հերքում չպահանջեցինք` համարելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն` ում հետ դա չի պատահում:

Սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից, որ «Առավոտ»-ը «Հայերն Այսօր»-ի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածել եւ մտավախություն ունենալով, որ սխալ հասցե նշելու արդյունքում «Հայերն Այսօր» նորաստեղծ կայքը կարող էր կորցնել բազմաթիվ պոտենցիալ ընթերցողներ, նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունն այդ ժամանակ դիմեց «Նոյյան Տապան» լրատվական գործակալությանը, որն, ինչպես նշեցինք, պատրաստում է «Հայերն Այսօր» թերթը, եւ որի ինտերնետային սերվերի վրա է տեղադրված այն, խնդրելով, որ ի լրումն hayernaysor.am հասցեի ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն Այսօր» թերթին վերագրի նաեւ ha.spyurq.am, armenianstoday.spyrq.am, եւս մի քանի նմանատիպ հասցեներ, որոնք բոլորը կբերեն դեպի պաշտոնական hayernaysor.am: Իրականում հրապարակումից հետո աշխատանքային վիճակում գտնվող hay.spyurq.am-ը դարձավ դեպի hayernaysor.am տանող հավելյալ (alias) հասցեներից մեկը:

Այս համակարգը աշխատել է մինչեւ անցյալ շաբաթ, երբ «Հայերն Այսօր» թերթի նոր դիզայնի անցնելու կապակցությամբ «Նոյյան Տապան»-ի ցանցային ադմինիստրատորները սկսեցին որոշ փոփոխություններ անել: Այդ ընթացքում տեղի է ունեցել սերվերի խաթարում, որի պատճառով իրար են խառնվել նույն` «Նոյյան Տապան»-ի սերվերի վրա գտնվող մի քանի այլ կայքեր, այդ թվում նաեւ «Հայերն Այսօր»-ը: Խաթարումը վերականգնվել է 15 րոպեի ընթացքում, սակայն ցանցային ադմինիստրատորի աչքից վրիպել է վերականգնել ավելացված վերոնշյալ լրացուցիչ հասցեների միացումը եւ այդ հասցեներով թյուրիմացաբար սկսել է բացվել նույն սերվերի վրա գտնվող եւ «Հայերն Այսօրը» սպասարկող «Նոյյան Տապանի» կայքը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության համապատասխան վարչության ղեկավարի` այլ կառույցի (անկնարկվում է, որ «Նոյյան տապան»-ի) ղեկավարի պաշտոնը համատեղելու հարցին, ապա բավական էր, որ «Առավոտ»-ի թղթակիցը հետաքրքրվեր, թե վերջին 2 տարիների ընթացքում իրենց թերթի եւ «Նոյյան տապան»-ի համագործակցության պայմանագրերի տակ իրենց տնօրենի ստորագրության կողքին ում ստորագրությունն է դրված. «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրենը վաղուց արդեն Գայանե Առաքելյանն է»:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] «Ոսկե Ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնում կցուցադրվեն 120 ֆիլմեր 70 երկրներից
Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 12-ի երեկոյան հանդիսավորությամբ կբացվի «Ոսկե Ծիրան» 6-րդ միջազգային փառատոնը, որին ներկա կգտնվեն ինչպես համաշխարհային կինոյի հայտնի դեմքեր, այնպես էլ հայաստանցի ու սփյուռքահայ կինոգործիչներ: Իսկ թե ի՞նչ նորություններ կլինեն այս կինոփառատոնում անցնող մեկ շաբաթվա ընթացքում եւ ինչո՞վ այն կտարբերվի նախորդներից, պարզաբանում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

-«Ոսկե Ծիրան» 6-րդ կինոփառատոնը նախորդից տարբերվում է նախ այն առումով, որ 5-րդը մեզ համար հոբելյանական կինոփառատոն էր, եւ առաջին հինգ տարիները ինքնահաստատման տարիներ էին, որոնք պետք է ցույց տային, որ փառատոնը կայացած մշակութային ձեռնարկ է: «Ոսկե ծիրանը» թե տեղական, եւ թե միջազգային շրջանակներում արդեն ասել է իր խոսքը, հստակեցերել է իր դերը, տեղն ու նշանակությունը եւ մտել է շրջանառության մեջ: 5-րդ փառատոնը իր ծավալով նաեւ մեր առավելագույն ջանքերի եւ հնարավորությունների ցուցադրումն էր` եղած հնարավորությունների սահմանում: 200-ից ավելի հյուրեր, կինոաստղեր ժամանեցին Երեւան, ցուցադրվեց 167 ֆիլմ: Դա արդեն կայացած փառատոնի նշան է:

Այս տարվա կինոփառատոնը խորհրդանշում է նաեւ 6 թիվը, որը հավասարակշռության թիվ է: Դա է վկայում նաեւ մեր ազդագրերի վրա պատկերված լարախաղացը: Մենք մեր հետեւողական աշխատանքով պետք է ցույց տանք, որ Երեւանում մի այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, մի այնպիսի բեմահարաթակ, որ ե'ւ հայաստանցի, ե'ւ միջազգային երիտասարադ կինոգործիչները կարող են խոսել, ցուցադրել իրենց գործերը, մտածել կինոյի ապագայի մասին:

Այդ առումով 6-րդն իր հայտերի եւ աշխարհագրության առումով կրկնում է 5-րդին: Այս տարի մենք ստացանք մոտ 500 հայտ` 70 երկրներից եւ ամեն տարի նոր երկրների թիվը ավելանում է. օրինակ, այս տարի հայտեր են ստացվել նույնիսկ Բոլիվիայից ու Գվատեմալայից: Այնպես որ ֆիլմերի քանակով փառատոնը նախորդին չի զիջում: Կցուցադրվեն 120-ից ավելի ֆիլմեր, ներկա կլինեն 120-ից ավելի օտար մասնակիցներ եւ հյուրեր:

Բայց, ինչպես ասում են, այս տարին նաեւ ճգնաժամի տարի է, եւ բացառությամբ մեր գլխավոր հովանավորների` Մշակույթի նախարարության ու Վիվասել-ՄՏՍ-ի, մյուսները չաշխատեցին մեզ հետ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով: Թեեւ պետք է ասեմ, որ պետական ոլորտից հայտնվեցին նաեւ նոր գործընկերներ, այդ թվում Սփյուռքի նախարարությունը, որի հետ դեռ անցյալ տարվանից մենք համագործակցում էինք Սփյուռքի պետական կոմիտեի շրջանակներում: Սփյուռքի նախարարության ձեւավորմանը զուգընթաց նաեւ մեր կապերն են սերտացել, եւ դա շատ կարեւոր է մեզ համար, քանի որ ի սկզբանե փառատոնը ստեղծվել էր իբրեւ հայազգի կինոգործիչների միավորման ձեռնարկ: Հետագայում տեսանք, որ միայն հայաստանցի եւ սփյուռքահայ կինոգործիչներով չենք կարող սահմանափակվել, ուստի ընդարձակեցինք մասնակիցների աշխարհագրությունը, որպեսզի մեր հայերնակիցներին ինտեգրենք ընդհանուր կինոդաշտի մեջ: Չնայած դրան, մենք պահպանել ենք «Հայկական համայնապատկեր»-ը ե'ւ ինֆորմացիոն, ե'ւ մրցութային ծրագրերի մեջ, եւ ջանում ենք, որ ամեն տարի այն ավելի հետաքրքիր լինի:

- Ի՞նչ ճանաչված դեմքեր են մասնակցելու այս տարվա փառատոնին:

- Ամենաճանաչված դեմքերն են` ճապոնացի ռեժիսոր Կոհեյ Օգուրին (ժյուրիի նախագահ), հայտնի ամերիկացի բեմադրիչ Ռոբ Նիլսոնը, լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկին, ռուս հայտնի ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը, Աֆղանստանից Սիդդիք Բարմաքը, մեր հայրենակից, ամերիկահայ Էրիկ Պողոսյանը, կանադահայ Արսինե Խանջյանը, հոլանդահայ Հայկ Բալյանը եւ այլք: Վերջինս նաեւ ղեկավարում է հայկական ժյուրին: Ֆրանսահայ հայտնի պրոդյուսեր, Ֆրանսիայի կինոարտադրիչների միության նախագահ Ալեն Թերզյանն իր ողջ շքախմբով կժամանի Ֆրանսիայից, եւ ուրախ ենք, որ առաջին անգամ «Ոսկե Ծիրանին» մասնակցելու նպատակով է գալիս Հայաստան: Հուսով ենք, ինչպես Ատոմ Էգոյանը եւ Ռոբերտ Գետիկյանը, այնպես էլ Ալեն Թերզյանը «Ոսկե Ծիրանի» միջոցով կկապվի Հայաստանի հետ եւ հայկական կինոյին ինչ-որ լիցքեր կտա: Դրանով մենք կարող ենք ծրագիրը հետաքրքիր դարձնել, ամեն տարի լավագույն ֆիլմերը տարածել, աշխարհին ցույց տալ, թե հայազգի մարդը կինոյի լեզվով ինչպես է արտահայտվում: Այդ առումով մեր համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ շատ կարեւոր է: Հուսով եմ` մեր գործակցության ապագա ծրագրերը կմշակվեն եւ կունենան լուրջ արդյունքներ:

Երեւան կգա նաեւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի պրոդյուսեր Անահիտ Նազարյանը, ով կբերի նրա ֆիլմերը: Եթե ինքը չլիներ, Կոպոլայի նոր ֆիլմը Կաննից անմիջապես հետո չէր հաջողվի Երեւան բերել:

- Իսկ ո՞ր ֆիլմերն ենք համարում այս կինոփառատոնի հայտնությունը:

- Շատ դժվար է ասել: Միայն մեր հատուկ ծրագրերը բավական են, որ դուք տեսնեք այս ֆիլմերի մակարդակը` Յեժի Սկոլիմովսկու «Չորս գիշեր Աննայի հետ» ֆիլմը, Կոհեյ Օգուրիի ֆիլմերը, որը արդեն դասական է, բայց մեզ մոտ ճանաչված չէ: Շատ լավ ֆիլմ է թուրք-համշենահայ կինոբեմադրիչ Օզչան Ալփերի «Աշուն» ֆիլմը: Նա «Ոսկե Ծիրանի» շնորհիվ երկու տարի առաջ հատուկ ծրագրով եկավ Հայաստան եւ արդեն այդ ծրագիրը ավարտուն ֆիլմի տեսքով այս տարի բերում է Երեւան: Մենք փորձել ենք բոլոր լավագույն ֆիլմերը ընդգրկել:

Ի դեպ, ես նկատեցի, որ մեր ընտրած ֆիլմերը այս տարի տեղ են գտել նաեւ Կարլովի Վարիի կինոփառատոնում, բայց կան նաեւ ֆիլմեր, որոնք մենք մերժել ենք, սակայն դրանք տեղ են գտել Մոսկվայի կինոփառատոնի մրցութային բաժնում: Այնպես որ, մոտեցումները տարբեր են:

- Ամեն տարի «Ոսկե Ծիրանի» շրջանակներում նաեւ հայտնի կինոգործիչների հոբելյաններ եք նշում: Որո՞նք են լինելու այս տարվա հոբելյանները:

- Այո, ամեն տարի նշում ենք հայազգի հայտնի դերասանների կամ ռեժիսորների հոբելյանները: Դա շատ կարեւոր է, որովհետեւ փառատոնը իր բոլոր ֆունկցիաներով հանդերձ, պետք է նաեւ մեր մշակույթը եւ մեր կինոն ներկայացնի մեր հյուրերին: Այս տարի մեր հայտնի կինոբեմադրիչներ Արման Մանարյանի եւ Բագրատ Հովհաննիսյանի 80-ամյա հոբելյաններն են: Ցավոք, դրսում նրանց այդքան էլ լավ չեն ճանաչում: Բայց միգուցե մեր փառատոնի եւ մեր հյուրերի միջոցով նաեւ նրանց անունը կհնչի դրսում: Այս տարի նշում ենք «Նռան գույնը» ֆիլմի 40 ամյակը եւ Սերգեյ Փարջանովի ծննդյան 85-ամյակը: Ուստի իբրեւ փառատոնի փակման ֆիլմ կցուցադրենք «Նռան գույնը»: Կլինեն նաեւ մի քանի ֆիլմերի երեւանյան պրեմիերաներ ու կինոռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: Այս տարի եւս երկլեզու` անգլերեն-հայերեն օրաթերթ ենք տպագրելու կինոփառատոնի յոթ օրերի ընթացքում: Այդ օրաթերթի անգլերեն էջերի համար աշխատելու են Հոլանդիայից եկած կինոքննադատներ: Իսկ կինոփառատոնի լուսաբանման առումով միջազգային մակարդակը ապահովված կլինի, քանի որ ներկա կլինեն նաեւ եվրոպական ու ռուսական հայտնի կինոքննադատներ եւ մամուլի ներկայացուցիչներ:

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Կանադահայ զույգի ամուսնությամբ մեկնարկում է Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Ամուսնություն` Հայրենիքիս օրհնությամբ» ծրագիրը
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Սփյուռքի երիտասարդության շրջանում սկիզբ է դրվում «Ամուսնություն` Հայրենիքիս օրհնությամբ» շարժմանը, որին արձագանքած առաջին զույգի` կանադահայեր Հակոբ Ապաճյանի եւ Ծովիկ Լատոյանի հարսանյաց հանդեսը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

Ինչպես հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի նպատակն է խթանել հայկական նոր ընտանիքների կազմավորմանը, հայկական ընտանիքի ավանդույթների եւ սովորույթների պահպանմանը, Մայր Հայրենիքում արմատ ձգելուն, նպաստել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը, ապահովել հայ հոգեւոր-կրոնական, ազգային արժեքների պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ, նպաստել տարբեր մշակույթների ազդեցությունը կրող` աշխարհասփյուռ հայ երիտասարդների ազգային ինքնագիտակցության արթնացմանը, դեպի հայկական արմատներ վերադարձին, խթանել սփյուռքահայ երիտասարդների ուխտագնացությունը Հայաստան:

Հայկական ավանդույթի համաձայն` եկեղեցում պսակադրվելուց հետո, նորապսակները գալիս են փեսայի հայրական օջախ: Հաշվի առնելով երիտասարդ զույգի սփյուռքահայ լինելու հանգամանքը` նրանց համար հայրական օջախ է հանդիսանում ՀՀ Սփյուռքի նախարարությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը հայտարարված է որպես սփյուռքահայի տուն: Նախաձեռնությունը հավանության է արժանացել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից, եւ որոշվել է հարսանիքի հանդիսավոր արարողությունը կազմակերպել Երեւանի քաղաքապետարանում:

«Ամուսնություն` Հայրենիքիս օրհնությամբ» երիտասարդական համահայկական այս առաջին ձեռնարկի` սփյուռքահայ զույգի հարսանյաց հանդիսության պաշտոնական մասը տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանում հուլիսի 11-ին, ժամը 17:00-ին: Նորապսակներին եւ նրանց հարազատներին կշնորհավորեն եւ բարեմաղթանքի խոսքեր կհղեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Միջոցառմանը յուրահատուկ ծիսական շունչ կհաղորդի «Ակունք» ազգագրական համույթը:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] «Կիպրոսի հայերը». համայնքի հայելին` անգլերենով
«Գալայճյան հիմնադրամի» նոր ծրագրերը կրթական եւ այլ բնագավառներում

«Ազգ» -ի խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է The Armenians of Cyprus (Կիպրոսի հայերը) տեղեկատվական 36 էջանոց պարբերականը եւ «Գալայճյան հիմնադրամի» 4 էջանոց տարեկան ամփոփագիրը (համար 1, գարուն, 2009 թ.), երկուսն էլ անգլերեն լեզվով:

Առաջինը բաղկացած է հետեւյալ 11 բաժիններից.

ա) Կիպրոսի բազմամշակութային բնույթը

բ) Հայկական կրոնական խմբավորման իրավական կարգավիճակը

գ) Հայերի առաջացումը (ծագումնաբանական համառոտ պատմություն)

դ) Հայերի Կիպրոսում բնակվելու ժամանակագրությունը

ե) Կիպրահայերի ժողովրդագրությունը

զ) Կրթության, պաշտամունքի եւ հանգստի վայրերը

է) Հայերի կրոնական ինքնությունը

ը) Հայերեն լեզուն

թ) Կազմակերպություններ, հրատարակչական եւ այլ գործունեություններ

ժ) Հուշարձաններ

ժա) Կարեւոր անձնավորություններ

Առաջին բաժնում ներկայացված են կղզու աշխարհագրական դիրքն ու նշանակությունը եւ հակիրճ պատմությունը: Կիպրոսը մեկը մյուսի հետեւից նվաճել են փյունիկեցիները (950-850 մ. թ. ա.), ասորիները (709-669 մ. թ. ա.), եգիպտացիները (565-546 մ. թ. ա.), պարսիկները (546-332 մ. թ. ա.), 332-ին (մ. թ. ա.)` Ալեքսանդր Մեծը: Այնուհետեւ կղզին դարձել է հռոմեական, ապա բյուզանդական նահանգ: Այս շրջանում է, որ հայեր, մարոնիթներ (սիրիացի քրիստոնյաներ), հրեաներ, հետագայում նաեւ եվրոպական ծագումով կաթոլիկներ հաստատվել են այնտեղ:

1191-ին կղզին զավթել են խաչակիրները: 1192-ին ստեղծվել է Կիպրոսի թագավորությունը, որը գոյատեւել է մինչեւ 1489` Լուսինյանների ֆեոդալական տան գլխավորությամբ: 1489-1571 թվերին կղզին պատկանել է Վենետիկին: Ապա Թուրքիան է նվաճել, 1878-ի անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Անգլիան օկուպացրել է, իսկ 1914-ին` բռնակցել կղզին: Կիպրոսը 1925-ից անգլիական գաղութ է դարձել:

Անկախ հանրապետություն է հռչակվել 1960-ի օգոստոսի 16-ին: 1974-ին թուրքական զորքերը ներխուժելով զավթել են կղզու տարածքի մոտ 40 տոկոսը: Ներկայումս ավելի քան 115 հազար Անատոլիայից գաղթածներ անօրինական բնակություն են հաստատել այնտեղ` զգալիորեն փոխելով երկրի ժողովրդագրական դիմագիծը:

Երկրորդ, երրորդ եւ չորրորդ բաժիններում ներկայացված են հայերի` որպես կրոնական փոքրամասնության իրավական կարգավիճակը, հայերի առաջացման պատմությունն ու Կիպրոսում բնակություն հաստատելու ժամանակագրությունը:

Ըստ Կիպրոսի Հանրապետության սահմանադրության N 2 հոդվածի, կղզում գոյություն ունեն 2 համայնքներ` հունական եւ թուրքական, եւ 3 կրոնական խմբավորումներ` մարոնիթներ, հայեր ու լատիններ: Վերջիններս եվրոպացի (հռոմեական) կաթոլիկներ են, որոնց այդպես են անվանում տարբերելու համար մարոնիթներից, որոնք նույնպես կաթոլիկներ են: «Ինչպես ակնկալվում էր, 1960-ի նոյեմբերին տեղի ունեցած հանրաքվեով բոլոր 3 խմբավորումները գերադասեցին պատկանել հունական համայնքին, մի հանգամանք, որը որոշ չափով ազդեց թուրքական համայնքի հետ ունեցած նրանց հարաբերությունների վրա: Միջհամայնքային տարակարծությունների (1963-64 թթ.) եւ այնուհետեւ թուրքական ներխուժման ժամանակներում (1974 թ.) թուրքերը նրանց շատ ավելի վատ վերաբերվեցին, քան հունական համայնքի մյուս անդամներին», գրված է տեղեկագրական պարբերականում:

Բայց հունական համայնքին պատկանելը ունեցել է նաեւ իր առավելությունները: Նրանք կարողացել են օգտվել այդ համայնքի բոլոր բարիքներից, հասարակական աշխատանք ծավալել, ընտրվել կառավարական պաշտոններում, ունենալ վարչական ինքնավարության իրավունք` եկեղեցի, դպրոց, ակումբներ եւ ծավալել կրթական ու մշակութային գործունեություն: Ըստ 1970, 1976 եւ 1981 թվերի համապատասխանաբար N 58, 38 եւ 41 օրենքներում սահմանված հոդվածների, կրոնական խմբավորումները կարող են Ներկայացուցիչների պալատում ընտրված անդամներ ունենալ պաշտպանելու իրենց խմբավորման շահերը:

Կիպրոսում ապրող հայերի մասին հիշատակություններ կան մեր թվարկության 4-5-րդ դարերից: Սակայն առաջին զանգվածային գաղթը դեպի կղզի տեղի է ունեցել 578 թվին եւ կապված է վատահամբավ Մորիկի անվան հետ: Կայսր դառնալուց առաջ, երբ Մորիկը գտնվում էր արեւելքում որպես զորահրամանատար, հայ ժողովրդի մեջ ծայր առած ազատագրական շարժումները ճնշելու նպատակով նա Աղձնիքից եւ Եփրատի շրջանի գավառներից մեծ թվով հայերի է տեղափոխում Կիպրոս:

Այնուհետեւ հայերը կղզի են ժամանել նաեւ հայկական ծագում ունեցող Հերակլիոս (575-641) բյուզանդական կայսեր (610-ից) օրոք: Նա փորձել է հարթել տարաձայնությունները հայ-բյուզանդական հավատի բնագավառում` խթանելով նոր վարդապետություն` միակամությունը (մոնոթելետիզմ): Ուրիշներ, առավելապես առեւտրականներ, Կիպրոս են տեղափոխվել կաթողիկոս Հովհաննես Օձնեցու (717-728 թթ.) ժամանակաշրջանում: 9-10-րդ դարերում հայ գնդապետներ եւ կառավարիչներ են ծառայել Կիպրոսում, ինչպես, օրինակ, Ալեքսիոս զորավարը (868 թ.), Վասիլ Հայկազը (958 թ.), Վահրամը (965 թ.) եւ Լեւոնը (910 թ.), ով ձեռնամուխ է եղել Լառնակայում Սբ Ղազար բազիլիկը կառուցելուն: Ըստ որոշ աղբյուրներ, 10-րդ դարում այն որպես հայկական եկեղեցի ծառայել է հայ կաթոլիկներին:

Հետզհետե աճող հայկական համայնքի հովվական կարիքները հոգալու նպատակով Խաչիկ Ա (Արշարունի) կաթողիկոսը 973-ին Նիկոսիայում հիմնել է եպիսկոպոսյան թեմ, եւ շատ հայ եպիսկոպոսներ մասնակցել են հոգեւորական կարեւոր միջոցառումների: Երբ Իսահակ Կոմնենոսն իրեն հռչակել է Կիպրոսի կայսր 1185 թվին եւ ամուսնացել Ռուբինյանների տոհմից հայ իշխան Թորոս Բ-ի դստեր հետ, նա իր հետ Կիպրոս է տեղափոխել բազմաթիվ հայ ազնվականների եւ մարտիկների, որոնցից շատերը պայքարել են տեղի բնակիչների հետ Ռիչարդ Առյուծասիրտի դեմ Լիմասոլում (1191-ի մայիսին):

Կիլիկիային մոտ գտնվելը նպաստել է, որ կղզին հայերի համար հրապուրիչ վայր դառնա: Կարծիք կա, որ եթե Լուսինյանների ձեռքում չմնար, Կիպրոսը կարող էր դառնալ Փոքր Հայքի մի մասը:

Չափազանց հետաքրքրական այլ տվյալներ կան 36 էջանոց այս պարբերականում, որի հետագա բաժիններում կիպրահայերի ժողովրդագրական, կրթական, եկեղեցական եւ մշակութային մանրամասներն են ներկայացված:

1881-ի ապրիլի 4-ին անցկացված մարդահամարի արդյունքներով կղզու ընդհանուր բնակչությունը կազմել է 186.173 հոգի, որոնցից 174-ը եղել են հայեր (0,0935 տոկոսը): 1901-ին` համապատասխանաբար 237.022, որոնցից 517-ը` հայեր (0, 2 տոկոս), 1946-ին 3.686 հայեր են բնակվել Կիպրոսում: Այդ ժամանակ կղզու բնակչությունը եղել է 450.114 հոգի: 1956-ին հայերի թվաքանակը բարձրացել է 4.549-ի: Մինչեւ 1974-ի կղզու հյուսիսային մասի թուրքական նվաճումը հայերի սեփականությունն է եղել 1.474 հեկտար հողատարածություն:

Նիկոսիայում առաջին հայկական վարժարանը հիմնվել է 1970 թվին վարդապետ Վարդան Մամիկոնյանի կողմից եւ կոչվել է իր անունով` Վարդանանց տղաների դպրոց: 1902-ին բացվում է Շուշանյան աղջիկների դպրոցը:

Լիմասոլում առաջին հայկական վարժարանը բացվել է 1928-ին: 1951-ին մեկ ուրիշն է հիմնվել: Պետրոս Գալայճյանի եւ դպրոցական կոմիտեի նախագահ դոկտ. Վահագն Ադամյանի ջանքերի շնորհիվ նՆարեկե անունով մի նոր դպրոց է կառուցվել այնտեղ, որի բացումը կատարել է նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը 2008-ի նոյեմբերի 5-ին:

Լառնակայում եւս գործում է «Նարեկ» վարժարանը, որի բացումը ավելի վաղ (1996-ին) կատարել է նախագահ Գլաֆկոս Քլերիդեսը:

Հատկանշական է, որ դպրոցները ամբողջությամբ կառավարության հոգածության եւ հովանավորության տակ են գտնվում:

Մինչեւ 2005 թվականը կղզում մեծ հաջողությամբ գործում էր աշխարհում եզակի գիշերօթիկ հայկական կրթական օջախը` Մելգոնյանը, որը ՀԲԸՄ-ի որոշմամբ փակվեց առաջացնելով շատերի` ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, վրդովմունքը:

Կիպրահայերը ունեն իրենց սեփական գերեզմանատները Նիկոսիայում, Լիմասոլում, Լառնակայում եւ Ֆամագուստայում:

Մամուլի հրատարակությունների թվում ներկայումս Կիպրոսում լույս են տեսնում «Արձագանգ» (1995-ից) եւ նԱզատ ձայնե (2003-ից) թերթերը, «Լրատու» (2006-ից) խորհրդարանական եւ «Գեղարդ» (1997-ից) եկեղեցական պարբերականները, ինչպես նաեւ «Կիպրահայեր» (1999-ից) հանդեսը, Հայկական համայնքն ունի պաշտոնական վեբսայթ 2006-ից (www.cyprusarmenians.com), ինչպես նաեւ ինտերնետային ռադիոկայան:

Կղզում գործում են նաեւ բազմաթիվ հայկական հիմնարկություններ, օրինակ, ՀԲԸՄ-ն, «Փարոս» արվեստների հիմնադրամը, կիպրահայերի «Ազգային կոմիտեն» (Հայ դատ), «Արեւ» բարեգործական հիմնադրամը: Հայ օգնության ընկերությունը, Երիտասարդաց դաշնությունը, «Ազատամարտ» երիտասարդաց կենտրոնը, Կիպրոս-Հայաստան բարեկամության ընկերությունը, «Համազգային» մշակութային եւ կրթական ասոցիացիան եւ այլն: Գործում է նաեւ «Գալայճյան ծերանոցը»` 1988-ից Նիկոսիայում: Ծերանոցը կառուցել են Պետրոս եւ Արամ Գալայճյան եղբայրները ի հիշատակ իրենց ծնողների` Ռուբեն եւ Մարի Գալայճյանների:

2005-ին ամբողջական վերանորոգումից հետո 12 սենյակների փոխարեն 22 սենյակ է ներկայացված այժմ մեծահասակ կիպրահայերին:

Երկրի ամենահին հուշակոթողների շարքում Մակարավանքի մոտ կառուցված սյունն է (ճարտարապետ Կարո Բալյան), կառուցված Քյուրքչյան որբանոցի ուսանողների կողմից 1901-ին: Ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանի բացումը կատարվել է 1932-ին Վիկտորիա փողոցում գտնվող հայկական եկեղեցու բակում: 1992-ին ցեղասպանությանը նվիրված նոր հուշարձան կառուցվեց Նիկոսիայի հայկական եկեղեցու բակում` ճարտարապետ Ջոն Գեւերյան: 2008-ի մայիսին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը կատարել է բացումը Լառնակայում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, որը միաժամանակ խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունը Կիպրոսի ժողովրդի հանդեպ, որը հյուրընկալել է հայ տարագրյալներին:

Մելգոնյան կրթական հաստատության շրջապատում հուշարձաններ կան նվիրված օջախի հիմնադիրներ Գրիգոր եւ Կարապետ Մելգոնյաններին, Կոմիտաս վարդապետին, Անդրանիկ Օզանյանին, Հովհաննես Այվազովսկուն, Մեսրոպ Մաշտոցին, Մովսես Խորենացուն, Վահան Թեքեյանին եւ Ալեք Մանուկյանին:

Կիպրոսը եվրոպական առաջին երկիրն է (երկրորդը` աշխարհում, Ուրուգվայից հետո), որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Պարբերականի վերջին բաժնում ներկայացված են համայնքի կարեւոր դեմքերը` Պերճ Թիլբյան, Անդրանիկ Աշչյան, Արամ Գալայճյան, Պետրոս Գալայճյան, Վահագն Ադամյան, Վարդգես Մահտեսյան եւ Մարիոս Կարոյան:

2006-ի նոյեմբերին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Կիպրոս այցելության օրերին Նիկոսիայի քաղաքագլուխը նրան է նվիրել քաղաքի ոսկե բանալին: ՀՀ նախագահը հանդիպել է Կիպրոսի նախագահի, խորհրդարանի ղեկավարի եւ Կիպրոսի եկեղեցու առաջնորդի հետ:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները կարող են հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները կարող են Ակվիլում ընթացող G8 գագաթնաժողովում հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ խորհրդատվություններ կան հռչակագրերի ձեւով, ըստ էության համաձայնություն կա: Մենք հույս ունենք, որ նման հայտարարություն կարվի: Սակայն այն, ամենայն հավանականությամբ, կլինի եռյակի` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայտարարությունը, այլ ոչ «ությակի»: G8 գագաթնաժողովներում նման բան գործնականում կիրառվել է»,- ասել է Դվորկովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

PANARMENIAN.NET


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] ՄԶԸ-ն Հայաստանի Կրթության որակի եւ համապատասխանության երկրորդ ծրագրի համար կտրամադրի շուրջ 25 մլն դոլարի վարկ
Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 10-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում միաձայն վավերացվեց ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ընթացիկ տարվա հունիսի 5-ին ստորագրված «Կրթության որակի եւ համապատասխանության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Ինչպես նշեց հիմնական զեկուցող, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, համաձայնագրով Հայաստանին տրամադրվում է 17 մլն Հատուկ փոխառության իրավունքին (SDR) համարժեք կամ շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչը ֆինանսավորվելիք ծախսերի 80 տոկոսն Է: ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի ծախսերի 20 տոկոսը: Վարկի մարումը նախատեսված է 2019-2028թ.թ.-ին: Պարտավորության եւ սպասարկման վճարի տարեկան դրույքաչափերը համապատասխանաբար 0,5 եւ 0,75 տոկոս են:

Ըստ նախարարի, ընթացիկ տարվա աշնանը ավարտվող Կրթության որակի եւ համապատասխանության առաջին ծրագիրը թույլ տվեց ՀՀ-ի կրթության բնագավառում իրականացնել լայնածավալ բարեփոխումներ, ներմուծել ինստիտուցիոնալ նոր համակարգ, նաեւ սկսել եվրոպական կրթական համակարգին ինտեգրման գործընթացը: Երկրորդ ծրագրի համար ստացվող գումարը հիմնականում նպատակաուղղվելու է միջնակարգ կրթության որակի բարելավմանը եւ Բոլոնյան գործընթացներին համապատասխան Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական կրթության համակարգերի բարեփոխմանը:

Նշվեց նաեւ, որ վարկային երկրորդ ծրագրով շեշտադրվում են նախադպրոցական հաստատությունների ցանցի զարգացման, երեխաների ներգրավվածության ընդլայնման խնդիրները: Դա իր հերթին լուծելու է սոցիալական հարց, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռելու: Ըստ նախարարի, ներկայումս Հայաստանի շուրջ 900 համայնքներից մոտ 600-ում չկա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն:


[ Քննարկել (0) ]

Ռուսաստան


Թուրքիա

[ 10.07.2009 ] Վատիփ-ի նախաձեռնութեամբ կազմուեցաւ կրթական յանձնախումբ մը
Համայնքային մարմիններու միջեւ իրերօգնութեան ու գործակցութեան ոգի ստեղծելու նպատակով կազմուած ՎԱՏԻՓը, որ իր վերջին ժողովին որոշում ընդունած էր այսուհետեւ ժողովներէ ներս չընդունիլ մամուլը, երեք օր առաջ իմաց տուած էր մեզի որ կրթական հարցերու նուիրուած մասնաւոր ժողով մը պիտի կայանար 8 Յուլիսին, Գումգաբուի Պէզճեան սրահի մէջ, մասնակցութեամբ բոլոր դպրոցներու տնօրէններուն Հիմնադիրներու ու Ուսուցչաց Միութեան ու Հիմնարկի անդամներու: Նամակին մէջ կ’ըսուէր որ այս ժողովին նպատակն էր աւելի լաւ արժեւորել կրթական հարցերը եւ այս նպատակով կազմել Կրթական Յանձնախումբ մը, որ պիտի զբաղի նաեւ հայերէն գիրքերու տպագրութեամբ: (Կը թուի հայերէն դասագիրք ըսել կ’ուզէին): Այս մասին կարծիքի փոխանակութիւններ ալ պիտի կատարուէին: Այս լուրը մեզի կը հաղորդուէր առ ի տեղեկութիւն, այսինքն նամակին մէջ մեզի ալ ներկայ գտնուելու հրաւէր մը չկար:

Ժողովին յաջորդ օրը տեղեկութիւն խնդրեցինք ՎԱՏԻՓի քարտուղարութենէն ու ստացանք հետեւեալ տեղեկութիւնը.

Ժողովի ընթացքին դպրոցներու տնօրէններն ու Հիմնադիրները կարծիքի փոխանակութիւններ ունեցան եւ կազմուեցաւ Կրթական Յանձնախումբ մը: Կրթական Յանձնախումբի համար ընտրուեցան հետեւեալ անդամները.

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Փրօֆ. Աւետիս Հաճընլեան, Հայկ Նշան, Կարապետ Փայլան, Ռուբէն Գուրթօղլու, Նազարէթ Պինաթլը:

ՏՆՕՐԷՆՆԵՐ

Սիլվա Գույումճեան, Ատրինէ Թահմինճիօղլու, Անիթա Թումայեան, Ալիս Պայրամ եւ Գարեգին Պարսամեան:

ՎԱՏԻՓ-ԷՆ

Հապիպ Էօզֆուրունճու:

Մեզի տրուած տեղեկութիւնը այսքան է:

Ուրեմն այս յանձնախումբը այսուհետեւ պիտի զբաղի մեր կրթական հարցերով:

Չենք ուզեր մեկնաբանութիւններ ընել, միայն ՎԱՏԻՓի կազմակերպիչ անդամներուն կ’ուզենք յիշեցնել թէ միայն մեր դպրոցներու այժմու տնօրէններն ու հիմնադիրները չեն որ արժէքաւոր տեսութիւններ կրնան ունենալ այսօր մեզ այնքան յուզող կրթական հարցերու, մանաւանդ հայերէն լեզուի ու դասագիրքերու կարիքներուն մասին: Այս համայնքը այս նիւթի շուրջ տակաւին ունի նաեւ անուրանալի ծառայութիւն մատուցած, բայց տարիքի բերմամբ պաշտօնէ հեռացած վաստակաւոր ուսուցիչներ, մտաւորականներ, գրողներ, որոնք եւս կարծիք յայտնելու կրնային հրաւիրուած ըլլալ կրթական յանձնախումբի մը կազմութենէն առաջ:

Ամէն պարագայի յաջողութիւն կը մաղթենք Կրթական Յանձնախումբի անդամներուն:


[ Քննարկել (0) ]

ԱՄՆ

[ 10.07.2009 ] Կալիֆոռնիայի Սենատի հանձնաժողովը վավերացրել է Ցեղասպանության թեմայով դասընթացների մասին բանաձեւը
Կալիֆոռնիայի Սենատի կրթական հարցերի հանձնաժողովը հուլիս 8-ին վավերացրել է թիւ 234 բանաձեւը, որ առաջարկում է Կալիֆոռնիայի պետական վարժարաններում անցկացվող Հայոց ցեղասպանության թեմայով դասընթացներին ավելացնել նաեւ բանավոր պատմությանն առնչվող բաժին:

Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», Հանձնաժողովի առջեւ ելույթ են ունեցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ, Սան Ֆրանցիսկոյի բնակիչ ու մարդու իրավունքների նախկին հանձնակատար Հայկ Բաղդասարյանը, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի Բըրքլիի մասնաճյուղի պատմագիտության բաժնի դասախոս դոկտոր Ստեփան Աստուրյանը, ով նաեւ Ցեղասպանության ուսուցման ծրագրի վարչության անդամ է:

Աստուրյանը շեշտել է, որ բանավոր պատմության ներառումը ավելի մատչելի ու հասկանալի կդարձնի դասընթացը:

Բանաձեւը, որ արդեն իսկ վավերացվել էր Կալիֆոռնիայի խորհրդարանի Կրթական հարցերի հանձնաժողովի կողմից ու այժմ պիտի քննարկվի խորհրդարանի Հատկացումների հանձնաժողովում, առաջադրվել էր Սան Դիեգոյի սենատորներից Մարկ Ուիլընդի կողմից: Վերջինս հաջողությամբ կարողացել է հակազդել Հայոց ցեղասպանությունը ուրացող Բրուս Ֆայնի` բանաձեւի վավերացման դեմ պայքարելու փորձերին:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Ստամբուլահայ պատմաբանը ԱՄՆ-ում հանդես է եկել «Մարդու իրավունքներ եւ աշխարհի խաղաղություն» թեմայով դասախոսությամբ
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան ու պատմաբան Բարսեղ Թուղլաջյանը հունիսի 28-ից հուլիսի 7-ը մասնակցել է Ամերիկայի Կենսագրական ճեմարանի եւ Անգլիայի Քեմբրիջ Կենսագրական կենտրոնի կողմից Վաշինգտոնում կազմակերպված գիտության եւ արվեստների գիտաժողովին եւ «Մարդու իրավունքներ եւ աշխարհի խաղաղություն» թեմայով դասախոսություն է կարդացել:

Ինչպես գրում է «Մարմարա» օրաթերթը, Թուղլաջյանը հաճախակի է հրավիրվում այս գիտաժողովներին եւ դասախոսություններով հանդես գալիս: 2000 թվականին նա կարդացել է «Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմության մեջ» թեմայով դասախոսություն եւ ներկայացրել տաղանդավոր նկարիչ Էրոլ Սարաֆյանի վրձնած` Ջորջ Վաշինգտոնի յուղաներկ դիմանկարը: Թուղլաջյանն այդ դիմանկարը տարել է Սպիտակ Տուն եւ անձամբ հանձնել ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնին:

Այս անգամ էլ նա տարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի յուղաներկ դիմանկարը, որի հեղինակը դարձյալ Էրոլ Սարաֆյանն է, եւ հանձնել է այն անձամբ պետքարտուղարին:

Թուղլաջյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին եւ Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյին:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Անդրե Աղասին կրկին դուրս կգա մրցադաշտ
Հռչակավոր թենիսիստ Անդրե Աղասին հինգ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս է գալու մրցադաշտ` «Ֆիլադելֆիա ֆրիդոմս» թիմի կազմում մասնակցելու Ամերիկայի թենիսի թիմային առաջնությանը: 2002-2004թթ. նա արդեն մասնակցել է նմանատիպ մրցումների,- գրում է «Մարմարա»-ն: Յուրաքանչյուր խումբ իր կազմում ընդգրկում է թենիսի նախկին աստղերից որեւէ մեկին: Տասը ակումբների միջեւ կայանալիք այս մրցումներին մասնակցելու են նաեւ Մայքլ Չանգը, Կիմ Կլեյստերսը, Աննա Կուրնիկովան, Ջոն Մաuինռոյը, Մարտինա Նավրատիլովան: Մրցույթին հրավիրված են նաեւ թենիսի ժամանակակից աստղեր Ուիլյամս քույրերն ու Մարիա Շարապովան:


[ Քննարկել (0) ]
[ 10.07.2009 ] Մեծ Լոս Անջելեսի Ամերիկյան Կարմիր Խաչի խնամակալ մարմնում վերընտրվել է Արեւմտյան թեմի ներկայացուցիչը
Հայաստանյայց եկեղեցու Արեւմտյան թեմի Թեմական խորհրդի ատենապետ, իրավաբան Ժոզեֆ Կանիմյանը 3 տարի ժամանակով վերընտվել է Մեծ Լոս Անջելեսի Ամերիկյան Կարմիր Խաչի խնամակալ մարմնում առաջնորդարանի ներկայացուցիչ: Ինչպես գրում է «Ասպարեզ»-ը, վերընտրությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, Կարմիր Խաչի 93-րդ տարեկան համագումարի ժամանակ:

Թերթը մանրամասնում է, որ Մեծ Լոս Անջելեսի մասնաճյուղը Ամերիկայում իրենց առաքելությունը կատարող Կարմիր Խաչի ավելի քան 750 մասնաճյուղերից մեկն է: Այն երկրում ծառայող երկրորդ մեծագույն մասնաճյուղն է, որ սպասարկում է Լոս Անջելեսի ավելի քան 6 միլիոն բնակիչներին: «Կանիմյանը, որ ծառայում է նաեւ Տնտեսական զարգացման հանձնախմբի կազմում, 25,000 դոլարի նվիրատվություն է ապահովել "Pacific Western" բանկից, որ վերջերս Կարմիր Խաչին է հանձնվել բանկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` Ավո Մարգարյանի կողմից:


[ Քննարկել (0) ]

Չիլի

[ 10.07.2009 ] Սերխիո Մարգարյանի մարզած թիմը դարձել է Չիլիի չեմպիոն
Չիլիի «Ունիվերսիդադ» ֆուտբոլային ակումբը ուրուգվահայ մարզիչ Սերխիո Մարգարյանի գլխավորությամբ դարձել է այդ երկրի չեմպիոն:

Ինչպես գրում է tert.am-ը, եզրափակիչ խաղում «Ունիվերսիդադը» 1:0 հաշվով հաղթել է «Յունիոն Էսպանյոլին»: Խաղի միակ գնդակը 64-րդ րոպեին խփել է Խուան Մանուել Օլիվեյրան:

Չեմպիոն դառնալուց հետո Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Աստծուն այս մեծ հաջողության համար եւ հայտարարել է մարզչի պաշտոնից իր հրաժարականի մասին:

Ուրուգվահայ մարզիչը «Ունիվերսիդադ»-ի ղեկը ստանձնել էր անցած տարվա դեկտեմբերին:


[ Քննարկել (0) ]


(c) 2009 «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը պատրաստում է «Նոյյան տապան» լրատվական վերլուծական կենտրոնը`
ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով: Խմբագիր` Գայանե Առաքելյան
Երեւան, Իսահակյան փ. 28, Հեռ. 010 565965, ֆաքս` 010 524279 էլ.փոստ` info@nt.am